Բլինկենը հրաժարվել է հանդիպել Լավրովի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հրաժարվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ դեմ առ դեմ հանդիպելուց, որը նախատեսված էր Եվրոպայում փետրվարի 24-ին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Այս պահին իմաստ չունի այս հանդիպման անցկացումը: Ես խորհրդակցել եմ դաշնակիցների և գործընկերների հետ, բոլորը համաձայնել են սրա հետ: Եվ այսօր՝ փետրվարի 22-ին, նամակ եմ ուղարկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին՝ տեղեկացնելով նրան այս մասին», – երեքշաբթի օրը Վաշինգտոնում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Բլինկենը։

«Միացյալ Նահանգները և ես անձամբ հավատարիմ կմնանք դիվանագիտությանը, եթե Ռուսաստանը պատրաստ է տեսանելի քայլեր ձեռնարկել՝ համաշխարհային հանրությանը որոշակի վստահություն հաղորդելու համար, որ նա լրջորեն է տրամադրված Ուկրաինայի հարցով դեէսկալացիայի և դիվանագիտական ​​լուծում մշակելու հարցում: Մենք շարժվելու ենք՝ համաձայնեցնելով դաշնակիցների և գործընկերների հետ մեր գործողությունը, ինչպես նաև հիմք ընդունելով Ռուսաստանի գործողություններն ու փաստերը տեղում: Այնուամենայնիվ, մենք թույլ չենք տա Ռուսաստանին գործել դիվանագիտության քողի ներքո, քանի որ նա արագացնում է իր երթը հակամարտությունների և պատերազմի ուղով»,- ասել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը։

Լավրովի և Բլինկենի հանդիպման նախաձեռնությունն ավելի վաղ առաջ էր քաշել Վաշինգտոնը։ Մոսկվան համաձայնել էր այս հանդիպմանը։ Ենթադրվում էր, որ այն պետք է անցկացվեր, ըստ կողմերի տրամադրած տեղեկատվության, Ժնևում։