Ռուսաստանն ու Ադրբեջանը կզարգացնեն ռազմաքաղաքական համագործակցությունը

Մոսկվան և Բաքուն մտադիր են զարգացնել ռազմաքաղաքական համագործակցությունը, որը համապատասխանում է ազգային շահերին և ուղղված չէ այլ երկրների դեմ: Այս մասին ասվում է ՌԴ և Ադրբեջանի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրում, որը ստորագրվել է երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի կողմից երեքշաբթի Կրեմլում կայացած բանակցությունների արդյունքում։

«Կողմերը զարգացնում են երկկողմ ռազմաքաղաքական համագործակցությունը, որը համապատասխանում է ազգային շահերին և ուղղված չէ երրորդ երկրների դեմ»,- նշվում է փաստաթղթում:

Կողմերը նաև պայմանավորվել են անհրաժեշտության դեպքում միմյանց ռազմական օգնություն ցուցաբերել։

«Անվտանգության ապահովման, խաղաղության և կայունության պահպանման նպատակով Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կարող են քննարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը ՄԱԿ-ի կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի հիման վրա և հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի միջազգային-իրավական պարտավորությունները», – ասված է հռչակագրի տեքստում:

Ռուսաստանն ու Ադրբեջանը մտադիր են միավորել ջանքերը միջազգային ահաբեկչության, կիբերհանցագործությունների և անվտանգության այլ մարտահրավերների դեմ պայքարում:

«Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը միավորում են իրենց ջանքերը միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության և անջատողականության, անդրազգային կազմակերպված հանցավորության, զենքի, թմրանյութերի և դրանց ապօրինի շրջանառության, մարդկանց առևտրի և տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների, ինչպես նաև անվտանգության այլ նոր մարտահրավերների հակազդման և չեզոքացման գործում»,- ասված է փաստաթղթում:

Նշվում է, որ այդ համատեքստում կողմերը տեղեկատվություն են փոխանակում և սերտորեն համագործակցում են նշված հակաիրավական գործունեության ֆինանսավորման ուղիների բացահայտման և կանխման գործում:

Փաստաթղթի համաձայն՝  Մոսկվան և Բաքուն կկանխեն երկու երկրների տարածքային ամբողջականության դեմ ուղղված անձանց և կազմակերպությունների գործունեությունը:

«Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը իրենց տարածքներում վճռականորեն կասեցնում են կազմակերպությունների և անձանց գործունեությունը, որոնք ուղղված են մյուս կողմի պետական ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության դեմ», – ասված է փաստաթղթում: