Հերթական լավ լուրն Արցախում․ Արտակ Բեգլարյան
Արցախի Պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«ՀԵՐԹԱԿԱՆ ԼԱՎ ԼՈՒՐՆ ԱՐՑԱԽՈՒՄ…
Այսօր Մարտունի քաղաքում մասնակցել ենք ԱՀ սոցիալական զարգացման ու միգրացիայի նախարարության սոցիալ-հոգեբանական աջակցության առաջին կենտրոնի բացման արարողությանը, որտեղ խոցելի խմբերին մատուցվելու են սոցիալական աշխատանքի և հոգեբանական ծառայություններ:
Այս կենտրոնն օրինակելի է ոչ միայն իր մոտեցումների ու նպատակների տեսանկյունից, այլ նաև, որ կառավարության և տարբեր մասնագիտական և բարեգործական կազմակերպությունների միջև տեղի է ունեցել բավականին լուրջ համագործակցություն: Այս ուղղությամբ աշխատանքները մեկնարկել ենք դեռևս մեկ տարի առաջ, որի շնորհիվ կարողացել ենք տարբեր աջակիցների հետ սոցիալական աշխատողների պատրաստման և վերապատրաստման ծրագրեր սկսել: Արդյունքում, մի քանի տասնյակ սոցիալական աշխատողներ ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ, և նրանցից ոմանք աշխատելու են հենց այս կենտրոնում: Կարծում եմ, որ նմանատիպ ինստիտուցիոնալ մեխանիզմներ կիրառելով կբազմապատկվի նրանց կարողությունների արդյունավետության մակարդակը: Պատրաստվում ենք Մարտունիում հիմնել նաև երեխաների խնամքի ու զարգացման կենտրոն, որը այս կենտրոնի հետ համատեղ վեր է հանելու խոցելի խմբերի սոցիալ-հոգեբանական կարիքները և աջակցելու դրանց բավարարմանը՝ նպատակաուղղված նրանց ակտիվացմանն ու ինքնուրույնության ապահովմանը: Նմանատիպ կենտրոններ կբացվեն նաև մյուս շրջաններում ու Ստեփանակերտում, և ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումները շարունակական են լինելու:
Խորին շնորհակալություն ծրագրի իրականացմանն իրենց մասնակցությունն ունեցած բոլոր կազմակերպություններին ու անհատներին՝ Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանի գլխավորությամբ:
Ի ԳՈ՛ՐԾ…»։

