Ռուսաստանի որոշումը կարող է ունենալ նաև գլոբալ հետևանքներ․ ՄԱԿ-ը հայտարարություն է տարածել

Ռուսաստանի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի Հանրապետությունների ճանաչումը կարող է հանգեցնել ինչպես տարածաշրջանայի, այնպես էլ գլոբալ հետևանքների։ ՄԱԿ-ը բոլոր կողմերին կոչ է արել դադարեցնել թշնամական գործողությունները։

«Մենք շատ ենք ցավում Ռուսաստանի այդ որոշման համար»,- հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի  քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի Դի Կառլոն։

Նա ցավ է հայտնել նաև Դոնբաս «խաղաղապահ առաքելության» շրջանակում զորքեր ուղարկելու Մոսկվայի մտադրության վերաբերյալ։

ՄԱԿ պաշտոնյան հակամարտության կողմերին կոչ է արել Ուկրաինայի արևելքում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։

«Քաղաքացիական անձինք, քաղաքացիական ենթակառուցվածքները պետք է լինեն պաշտպանված, պետք է խուսափել այնպիսի հայտարարություններից ու գործողություններից, որոնք կարող են վատացնել իրավիճակը»,-ասել է նա։

Դի Կառլոն նախազգուշացրել է, որ Եվրոպայում խոշոր հակամարտության վտանգն իրական է, և պետք է այն ամեն գնով կանխել։