Ադրբեջանցի պատգամավորը պնդում է, թե, իբր, բոլոր ռազմագերիներն ու ձերբակալվածները պատերազմից հետո վերադարձվել են Հայաստանին

Երևանում տեղի ունեցող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստում ադրբեջանցի պատվիրակը հայտարարել է, թե, իբր, պատերազմից հետո բոլոր ռազմագերիներին վերադարձրել են Հայաստանին։

Ադրբեջանցի պատգամավոր Սոլթան Մամեդովը նախ հայտարարել է, թե ադրբեջանական պատվիրակության այցը Հայաստան լավ նշան է երկու երկրների հարաբերությունների հաստատման հարցում։

«Ինչ վերաբերում է ձերբակալվածներին և մշակութային ժառանգության հարցերին, ապա ուզում եմ ասել, որ բոլոր ռազմագերիներն ու ձերբակալվածները պատերազմից հետո վերադարձվել են Հայաստանին։ Հիմա քննարկում է գնում միջազգային իրավունքի և ժամկետների շրջանում այն մարդկանց վերաբերյալ, որոնք ձերբակալվել են պատերազմից հետո»,–ասել է ադրբեջանցին` հավելելով, թե չեն ուզում անդրադառնալ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ 4000 ադրբեջանցիների ճակատագրերի «խեղմանը»։

Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման անհրաժեշտության մասին՝ Մամեդովը հայտարարել է, թե 2 երկրների միջև կոնֆլիկտը լուծվել է, և իրենք պատրաստակամ են այդ հարցերով զբաղվել՝ նշելով, թե հայկական կողմից ստանում են դրական ազդակներ, ինչը ուրախալի համարեց։