Թուրքիան դադարելու է մեզ դիտել որպես իր ծրագրերի խոչընդոտ միայն մի պարագայում

Կամ պետք է զրոյից ստեղծել ռազմաարդյունաբերական նոր կոմպլեքս, որը կարելի է անել միայն Ռուսաստանի օգնությամբ, կամ պետք է ընդունել թուրք-ադրբեջանական սպառնալիքը որպես անհաղթահարելի գործոն և ենթարկվել դրան, տեղի ունենա Հայաստանի պլանավորված աջարիզացիա։ Պատերազմից հետո ստեղծված իրավիճակում Հայաստանի համար այս երկու հավանական սցենարների մասին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Գիտե՞ք, Թուրքիան դադարելու է մեզ դիտել որպես իր ծրագրերի խոչընդոտ միայն մի պարագայում, եթե ունենա տոտալ ազդեցեություն մեր քաղաքական գործընթացների վրա։ Սա ենթադրում է, որ Թուրքիան գերիշխող դիրքեր պետք է ունենա մեր տնտեսության մեջ, լիարեժեք ազդեցություն ունենա մեր քաղաքական էլիտայի վրա։ Ե՞րբ է սա հնարավոր։ Երբ ռուսական ազդեցությունը դադարի, փոխարինվի թուրքական ազդեցությամբ։ Սա հնարավոր է նաև այն դեպքում, երբ Հայաստանը հրաժարվի Ղարաբաղից ընդհանրապես։ Այս քաղաքականությունն անկասկած աջակցություն է ունենալու ԱՄՆ-ի կողմից, քանի որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև առկա է հակամարտություն, իսկ դա թույլ կտա տարածաշրջանից հեռացնել Ռուսաստանի ազդեցությունը»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով, որ
այսօր առկա գործընթացները հուշում են, որ Հայաստանն ընտրել է երկրորդ ճանապարհը։
«Ռուսաստանը միշտ ցանկացել է ունենալ ուժեղ գործընկեր տարածաշրջանում, ինչպիսին եղել է Հայաստանը մինչև պատերազմը։ Թուրքիային հետաքրքիր է ունենալ չափազանց թույլ Հայաստան, քանի որ միայն այդ պարագայում Հայաստանը չի կարող խոչընդոտ լինել թուրքական հեռահար ծրագրերի իրականացման համար։ Տարբերությունն այս ալտերնատիվների մեջ սա է։ Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մեր ժողովուրդը պատրաստ չէ այս ընտրությանը, բայց Վրաստանի օրինակը ցույց տվեց, թե ինչպես տարիների ընթացքում հակառուսականություն քարոզվեց ու արմատավորվեց Վրաստանում։ Պետք է ազնիվ լինենք ու մեր ժողովրդին ասենք՝ այս ճանապարհներն են, ու պետք է սթափ հաշվարկ անենք։ Խոսքը Հայաստանի տեսլականի մասին է, ո՞ր տարբերակն է բերելու ավելի ուժեղ, կազմակերպված և  տարածաշրջանում իրենից գործոն ներկայացնող Հայաստանին»,-նշեց նա։