ԵԱՀԿ ՄԽ-ը մնում է ղարաբաղյան հակամարտության լուծման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը․ Եվրոպայի խորհրդարան

ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է ղարաբաղյան հակամարտության լուծման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը։ Այս մասին ասվում է Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության և անվտանգության մասին 2021թ. հաշվետվությունում։

Հաշվետվությունում ընդգծվում է, որ անհրաժեշտ է ընդլայնել ԵՄ և անդամ պետությունների մասնակցությունը Հարավային Կովկասում կայունության ապահովմանը և տարածաշրջանի բարգավաճմանը, ինչպես նաև տարածաշրջանային տերությունների ազդեցությանը և միջամտությանը դիմակայելու գործին։

Հաշվետվությունը ԵՄ-ին, նրա անդամ պետություններին և մարդու իրավունքների գծով փոխնախագահին կոչ է անում ակտիվորեն մասնակցել Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման որոնումներին  և կանխել լարվածության հետագա թեժացումը տարածաշրջանում, մասնավորապես՝ ճնշում գործադրելով Ադրբեջանի և Հայաստանի վրա հետպատերազմյան հարցերի լուծման (ներառյալ սահմանագծումը և բոլոր ռազմագերիների ազատ արձակումը) համար։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը  մնում է այդ հակամարտության լուծման միջազգայնորեն ճանաչված միակ ձևաչափը՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և իրավահավասարության, հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա»,- ասվում է փաստաթղթում, որով Մինսկի խմբին կոչ է արվում շտապ վերադառնալ իր միջնորդական դերին։