Հունաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է այդ երկրի փոխարտգործնախարարի հետ

Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի սփյուռքի հարցերով ԱԳ փոխնախարար Անդրեաս Կացանիոտիսի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են արտասահմանում երկու համայնքային կառույցների համագործակցության թեմաներ։ Այս մասին հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը։

Դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ հունական եւ հայկական համայնքային կառույցների միջեւ փոխվստահելի եւ ամուր ձեւավորված համագործակցություն կա, ինչը հաճախ թույլ է տալիս բազմաթիվ հարցերի շուրջ միասնական հանդես գալ։

Հունաստանի ԱԳ փոխնախարարը մեծապես կարեւորել է իր երկրում գործող հունահայ կառույցների դերը հայ-հունական հարաբերություններում։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է հունահայ համայնքային կառույցների հետ ձեռնարկվելիք մի շարք ծրագրեր։ Երկուստեք կարեւորվել է մի շարք նախաձեռնությունների համատեղ իրականացման գաղափարը։

Անդրադարձ է կատարվել համապատասխան ոլորտը կարգավորող գերատեսչությունների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների վերսկսմանը։