Հայրենադարձության ինտեգրման կենտրոնի համար տարածք կտրամադրի «Հրայր և Աննա Հովնանյան ֆաունդեյշն» կորպորացիան

Կառավարությունն ընդունել է «Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին» որոշում: Նման որոշում ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է հայրենադարձության ոլորտում պետական քաղաքականության միասնականության ապահովման և հայրենադարձված ու հայրենադարձվել ցանկացող հայրենակիցներին «մեկ պատուհանի սկզբունքով» մատչելի, որակյալ և օպերատիվ ծառայություններ մատուցելու ունակ ինտեգրման կենտրոնին անհրաժեշտ գնման գործընթաց կազմակերպելու առանձնահատկությունների սահմանման անհրաժեշտությամբ: Տարածքի սպասարկման ծառայությունների ձեռքբերումը կիրականացվի «Հրայր և Աննա Հովնանյան ֆաունդեյշն» կորպորացիայի մասնաճյուղից։

Ըստ հիմնավորման՝ Հայրենադարձության ինտեգրման կենտրոնն իր տեսակով առաջինը կլինի Հայաստանում, կգործի որպես միասնական ռեսուրս-կենտրոն հայրենադարձների ինտեգրման համար, որով էականորեն կբարելավվի ողջ գործընթացի հասանելիությունն ու արդյունավետությունը: Ներկայում ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն իր կադրային սակավ ռեսուրսերով իրականացնում է հայրենադարձության և հայրենադարձների ինտեգրման հետ կապված աշխատանքը, ինչը բավարար չէ հայրենադարձության և հայրենադարձների ինտեգրման հետ կապված խնդիրների արդյունավետ լուծման համար: Անհրաժեշտ են ենթակառուցվածքներ, մասնավորապես համապատասխան պայմաններին բավարարող կենտրոն, որը կտրամադրի անհատականացված ծառայություններ սփյուռքի հայության շրջանում տարածում ունեցող գերակա լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, և արևմտահայերեն, խորհրդատվություն և գործնական աջակցություն հայրենադարձներին հետևյալ ոլորտներում՝ փաստաթղթավորման, անձնական գույքի և բիզնեսի տեղափոխության, առողջապահական, կրթամշակութային, սոցիալ-տնտեսական, զբաղվածության և աշխատանքի, զինվորական հաշվառման և ծառայության, օրենսդրական, հարկային, բանկային գործարքների և ֆինանսների, իսկ վտանգված սփյուռքյան համայնքներից արտակարգ իրավիճակների հետևանքով զգալի ներգաղթի դեպքում առաջացած և հրատապ համարվող խնդիրների արագ լուծման հնարավորություն: Բարձրացվող հարցերին համապատասխան լուծումներ գտնելու համար կսահմանվի հստակ ժամկետ, փոխգործակցություն պետական ու հասարակական մարմինների միջև: Ըստ այդմ՝ՀՀ վարչապետի աշխատակազմին կթույլատրվի մեկ անձից գնման ընթացակարգով կազմակերպությունից գնել սպասարկման ծախսերը, ինչը հնարավարություն կտա պատշաճ իրականացնել կենտրոնի տեխնիկական սպասարկման աշխատանքները և ապահովել դրանց իրականացման անընդհատությունը՝ հայրենադարձության գործընթացի ժամանակ առաջացած և հրատապ համարվող խնդիրներին օպերատիվ արձագանքելու, «մեկ պատուհանի սկզբունքով» աշխատելու ընթացքում: