Արցախում ամփոփել են ՌԴ խաղաղապահ զորախմբի մեկ ամսվա աշխատանքը

Ռուս խաղաղապահներն Արցախում ավելի քան 30 մարդասիրական ակցիա են կազմակերպել, որոնց ընթացքում ավելի քան 500 կգ մարդասիրական բեռ է տրամադրվել տեղահանվածներին ու կարիքավորներին։ Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ-ի կայքը, Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի մեկ ամսվա աշխատանքի ամփոփման ժամանակ այս մասին զեկուցել է խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Օլեգ Գորբունովը։ Վերջինս նշել է, որ նախորդ ամսվա ընթացքում լուրջ խախտումներ չեն արձանագրվել։

Զեկույցի մեջ, մասնավորապես, ասված է․

«Խաղաղապահները կազմակերպել են ավելի քան 30 մարդասիրական ակցիա, որոնց ընթացքում ավելի քան 500 կգ մարդասիրական բեռ է տրամադրվել տեղահանվածներին ու կարիքավորներին։

Հունվար ամսվա ընթացքում խաղաղապահները շուրջ 300 ուխտավորի ուղեկցել են հայկական վանքեր և 109 դիմում են ստացել տեղի բնակիչներից։

Գյուղատնտեսական և վերանորոգման աշխատանքների իրականացման ընթացքում մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով խաղաղապահները 31 այց են իրականացրել համապատասխան վայրեր։

Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների աջակցությամբ սկսվել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի և հարակից գյուղերի բնակիչների համար ջրամատակարարման կենտրոնացված համակարգի կառուցումը և անցկացումը:

Ականազերծել են շուրջ 690 կմ ճանապարհ և 231 հա տարածք, ոչնչացրել ավելի քան 26000 չպայթած զինամթերք»։