Հայաստանում պետք է ընդլայնել դիմադրության շարժումը, որպեսզի բարձրանա բողոքի և ներկան մերժելու անհրաժեշտության ալիք․ Հակոբ Տեր-Խաչատուրյան

«Հայաստանում պետք է ընդլայնել դիմադրության շարժումը, որպեսզի բարձրանա բողոքի և ներկան մերժելու անհրաժեշտության ալիք»,- ՀՅԴ 131-ամյակի պաշտոնական հանդիսության ժամանակ ունեցած ելույթում ասաց  ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Նա նշեց, որ հայրենի ժողովրդի դժգոհության դրսևորումներին արդեն միացած են Արցախի ազգային ուժերն ու սփյուռքահայությունը։
«Հայաստանն այսօր դարձել է մենիշխանական ամբողջատիրություն, բռնատիրության ճանապարհն է  բռնել, ուր իշխող ընտրյալները օգտվում են իշխանության ընձեռած հնարավորություններից և պարգևներից, իսկ տնտեսական ցուցանիշները ավելի են վատանում։
Միաժամանակ՝ հալածանքը քաղաքական ընդդիմության դեմ, իրենց հակակշռից դուրս գտնվող դատավարների ու արդարադատության համակարգի դեմ, բանակի սպաների և արտգործնախարարության ազգային մտածողություն  ունեցող դիվանագետների դեմ հասել է ճգնաժամային մակարդակի»,- ասաց Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
Նա նշեց, որ Հայ Յեղափոխական Դաշնակցության համաշխարհային ընտանիքը պատրաստ է իր բաժինը բերելու՝ որպեսզի կերտվի արդար ու իսկապես ժողովրդավար  Հայաստան, հզոր բանակ և ազգային արժեքների վրա հիմնված պետություն՝  հիմնված  համահայկական օրակարգի և  ազգային պահանջատիրության տեսլականով: