Պուտինի և Սի Ցզինպինի հանդիպումը խորհրդանշում է աշխարհաքաղաքական նոր դարաշրջանի սկիզբ. «Թելեգրաֆ»

Ռուսաստանի և Չինաստանի համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Պեկին կատարած այցի ժամանակ, խորհրդանշում է անցումը միջազգային հարաբերությունների սկզբունքորեն նոր կառուցվածքի։ Ուրբաթ նման տեսակետ է հայտնել բրիտանական Daily Telegraph թերթը։ Գրում է ՏԱՍՍ-ը:

Հրատարակչությունը նշում է, որ Պուտինի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ Չինաստանի մայրաքաղաքում, որը կայացել է «միջազգային լուրջ լարվածության» ժամանակաշրջանում, նշանավորում է «նոր աշխարհաքաղաքական դարաշրջանի» սկիզբը։ Թերթի տվյալներով՝ «այսուհետ ԱՄՆ-ի գլխավորությամբ համաշխարհային Արևմուտքի գերիշխանությունն այլևս չի ընկալվի որպես պարտադրված, չեն համակերպվի դրա հետ»։

Ինչպես նշում է «Դեյլի թելեգրաֆը», «տասնամյակների նվաստացումից հետո» Ռուսաստանն ու Չինաստանը «ոտքի են ելել և շուռ կտան սառը պատերազմից հետո ձևավորված անարդար աշխարհակարգը»: Միաժամանակ Պուտինին այս իրավիճակում անվանում են «անմիջական հաղթող»։ Հրատարակչությունը կարծում է, որ Չինաստանի ներկայությունը՝ որպես դաշնակցի, թույլ կտա Ռուսաստանին ամրապնդել իր դիրքերը համաշխարհային քաղաքական հարթակում, ինչպես նաև մեղմել Արևմուտքի կողմից հնարավոր պատժամիջոցների հետևանքները Ուկրաինա ռուսական հիպոտետիկ ներխուժման դեպքում։ Ինչպես նշում է թերթը, Չինաստանի աջակցությունը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նկատմամբ Ռուսաստանի պահանջներին՝ անվտանգության երաշխիքների վերաբերյալ, որն արտահայտվել է երկրների համատեղ հայտարարության մեջ, Մոսկվան կարող է օգտագործել որպես հաղթաթուղթ արևմտյան երկրների հետ երկխոսության մեջ։

Պուտինը Պեկին է ժամանել ուրբաթ օրը, որտեղ հանդիպել է Սի Ցզինպինի հետ։ Համաճարակի սկզբից ի վեր սա ռուս առաջնորդի առաջին այցն է Չինաստան։ Ռուս-չինական գագաթնաժողովի բանակցությունների ընթացքում ընդունվել է Ռուսաստանի և Չինաստանի համատեղ հայտարարությունը նոր դարաշրջան մուտք գործող միջազգային հարաբերությունների և գլոբալ կայուն զարգացման վերաբերյալ: