Արթուր Գրիգորյանն իր մասնագիտական ու մարդկային որակներով մեծապես նպաստել Արցախում մշակութային կյանքի աշխուժացմանը

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ցավակցել է ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան կապակցությամբ․ «Արցախում խորը վշտով տեղեկացանք ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի մահվան մասին:

Արթուր Գրիգորյանը մեծ ավանդ է ներդրել ժամանակակից հայ երաժշտարվեստի զարգացման գործում, իր մասնագիտական ու մարդկային որակներով մեծապես նպաստել Արցախում մշակութային կյանքի աշխուժացմանը:

Հատկապես տեղին է արժանին մատուցել «Արցախի Ձայներ» երաժշտական նախագծում իր դերակատարության համար, ինչի արդյունքում բազմաթիվ տաղանդավոր երեխաներ ու երիտասարդներ կարողացան իրենց ունակություններն արժանվույնս ներկայացնել նաև Հայրենիքից դուրս:

Արցախի իշխանությունների անունից խորին ցավակցություններ եմ հայտնում Արթուր Գրիգորյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և երկրպագուներին: Նրա ստեղծագործ ոգին ու թողած մեծ ավանդը մշտապես ուղեկցելու են մեզ»: