Հուսանք, որ Պուտինը գիտի ինչ է անում և կանխատեսել է այսօրվա օրը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) հայտարարել է «Հյուսիսային հոսք 2»-ի` Եվրամիության էներգետիկ քաղաքականությանը չհամապատասխանելու մասին` այսպիսով փորձելով հերթական պատժամիջոցը կամ ճնշամիջոցն օգտագործել Ռուսաստանի դեմ` երկրին տնտեսական խոշոր վնաս պատճառելու, ինչպես նաև քաղաքական վարկաբեկման համար:

Եթե կարճ ձևակերպենք ԵՀ դիրքորոշումը, ապա այն արտահայտվում է հետևյալ կերպ` Ռուսաստան, եթե չկատարես մեր պահանջները, դեպի Գերմանիա ձգվող ավելի քան 1200 կմ երկարության «Հյուսիսային հոսք 2» գազատարը Բալթիկ ծովի հատակում կմնա որպես մետաղաջարդոն, կառուցման վրա ծախսածդ միլիարդները կկորչեն, գազի ամբողջ ծավալն էլ ստիպված կլինես մեզ վաճառել ինչպես հիմա` միայն Ուկրաինայի տարածքով:

ԵՀ էներգետիկ քաղաքականությանը չհամապատասխանելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի պատճառաբանությունն ակնհայտորեն անհիմն է, առավել քան անհեթեթ ու ծիծաղելի: Ինչպես Կիև կատարած այցի ժամանակ, «РБК Украина»-ի փոխանցմամբ, հայտնել է Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը, «Հյուսիսային հոսք 2» գազատարը չի համապատասխանում Եվրամիության էներգետիկ քաղաքականությանը, որը, ի թիվս այլ բաների, ուղղված է ապաածխածնացմանը։

Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոկն էր հայտարարել, թե «Հյուսիսային հոսք 2»-ը չի համապատասխանում Եվրամիության էներգետիկ կանոններին, և գազատարի գործարկումը դիտարկելիս, հաշվի է առնվելու էներգետիկ անվտանգությունը:

Ի՞նչ է` այդ նո՞ր իմացան, որ բնական գազի` մեթանի այրումից ածխաթթու գազ է առաջանում… Հիմա Ուկրաինայի տարածքով ստացվող նույն մեթանի այրումից ածխաթթու գազ չի՞ առաջանում… Իհարկե, առաջանում է, բա այդ դեպքում ինչո՞ւ են գնում և օգտագործում: Այն պարզ պատճառով, որ Եվրոպայում այլընտրանքային էներգետիկան (արևային, հողմային էլեկտրակայաններ) դեռ շատ հեռու է երկրների էներգետիկ կարիքներն ամբողջապես բավարարելուց, բացի այդ, այլընտրանքային էներգետիկայից ստացվող էլեկտրաէներգիան շատ թանկ է նույնիսկ գերմանացիների համար:

Եվրոպական մի շարք երկրներում եղած ատոմային էլեկտրակայանների հզորությունը նույնպես քիչ է կարիքների ամբողջական բավարարման համար: Ճիշտ է, տեխնիկապես կարող են կառուցել նորերն ու խնդիրը լուծել, բայց մի շարք երկրներում, նրանց թվում նաև Գերմանիայում անվտանգային նկատառումներով այն արգելված է, քանի որ այդ երկրները խտաբնակ են, կան վթարի, ճառագայթման հետ կապված ռիսկեր, նույնիսկ գործող որոշ ԱԷԿ-ներ են փակում:

Եվրոպայում հրաժարվում են նաև ածուխ օգտագործող նոր ՋԷԿ-երի կառուցումից, քանի որ ածխաթթու գազի արտանետումները գերազանցում են մեթանի այրումից առաջացողին: Ավելին. օրինակ, Գերմանիան մտադիր է մինչև 2030թ. ընդհանրապես հրաժարվել ՋԷԿ-երում ածխի օգտագործումից:

«Եվրոպա գազի մատակարարման հետ կապված ցանկացած նախագիծ չպետք է գործարկվի այն պատճառով, որ Ուկրաինան կկորցնի գազի տարանցման երկրի իր դիրքի գոնե մի մասը»,- ըստ «Ukrinform»-ի, ասել է ԵՀ գործադիր փոխնախագահը:

Դոմբրովսկիսն ասել է նաև, որ Բրյուսելը ստուգում է, թե Ռուսաստանն արդյոք խախտո՞ւմ է ԵՄ շուկայի սկզբունքները «գազային պայմանագրերի հետ կապված իր քմահաճույքներով»։ Նա խոստացել է, որ ԵՄ-ն ամեն ինչ կանի, որպեսզի ռուսական կողմը գազը որպես զենք չօգտագործի։ Կրեմլը նախկինում բազմիցս հերքել է նման մեղադրանքները:

Թեև ԵՀ գործադիր փոխնախագահը մի կողմից հայտարարել է, թե «Հյուսիսային հոսք 2»-ը Եվրամիության էներգետիկ քաղաքականությանը չի համապատասխանում, մյուս կողմից ասել է, թե այժմ «Հյուսիսային հոսք 2»-ի հետ կապված իրավիճակը «պաուզայի վրա Է դրված», Եվրահանձնաժողովը ստուգում է, թե նախագիծն արդյոք լիովին համապատասխանո՞ւմ է ԵՄ էներգետիկ օրենսդրության պահանջներին։ Բնականաբար, հարց է առաջանում` եթե արդեն որոշել են, որ չի համապատասխանում, ապա էլ ի՞նչն են ստուգում և ինչո՞ւ… Պարզ է, որ Եվրահանձնաժողովը ցանկանում է «Հյուսիսային հոսք 2»-ից հրաժարվելը` որպես ՌԴ-ի դեմ մահակ, շարունակել պահել նրա գլխին:

«Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, «Հյուսիսային հոսք 2»-ն, այս կամ այն ​​կերպ, առաջ չի շարժվի»,- օրերս ճեպազրույցի ընթացքում սպառնացել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը:

Փաստն առայժմ այն է, որ «Հյուսիսային հոսք 2»-ը, որի շինարարությունն ավարտվել է 2021թ. սեպտեմբերի 10-ին, պատրաստ է գործարկման, դեռ չի գործում, գերմանական և եվրոպական կարգավորող մարմիններն արհեստականորեն ձգձգում են հաստատումը: Գերմանիայի Դաշնային ցանցային գործակալության ղեկավար Յոխեն Հոմանը բացառել է մինչև հունիս գազատարի օպերատորի հավաստագրման որոշումը, չնայած այն հանգամանքին, որ «Nord Stream 2»-ը կատարել է գերմանական կարգավորչի առաջադրած պայմանը և դուստր ձեռնարկություն է հիմնել նախագծի գերմանական հատվածի համար:

ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը դեկտեմբերի վերջին RBC-ին տված հարցազրույցում ասել էր, որ նախագծային ընկերությունը, որն իրականացնում է «Nord Stream 2» նախագիծը, գործում է եվրոպական օրենսդրությանը համապատասխան։ Ըստ նրա, բոլոր հակառակ պնդումներն ընդամենը քաղաքական բնույթ ունեն: Բայց դե Արևմուտքին ի՞նչ ասես, եթե նա իր որոշելիքն արդեն որոշել է, նրանց համար փաստերն ու իրավունքը չէ, որ կարևոր են:

Ամբողջ խնդիրն այն է, թե Գերմանիան արդյոք կկարողանա՞ «Հյուսիսային հոսք 2»-ի հարցում ԱՄՆ-ից և եվրոպական որոշ կառույցներից անկախ քաղաքականություն վարել իր իսկ էներգետիկ անվտանգությունից ու շահերից ելնելով, թե կկարողանան նրան ստիպել…

Պետք է նկատի ունենալ, որ իր տարբերություն արտգործնախարարի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շւլցը «Հյուսիսային հոսք 2»-ի` Եվրամիության էներգետիկ կանոններին չհամապատասխանելու կամ գազատարի գործարկումից հրաժարվելու վերաբերյալ ոչինչ չի ասել, լռել է, միայն հունվարի կեսին հայտարարել է, որ Ռուսաստանի` Ուկրաինա զինված ներխուժման դեպքում Գերմանիան պատրաստ կլինի «ձեռնարկել ցանկացած միջոց»: Իսկ թե որոշակի ինչ է ներառվելու պատժամիջոցների ցանկում, կանցլերը չի ասել։

Թեև հնարավոր չէ միանշանակ բացառել արտաքին և ընդդիմության ներքին ճնշումներին տեղի տալով, Գերմանիայի հրաժարվելը «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումից, ինչը տնտեսական (և ոչ միայն…) հսկայական վնաս կլինի Ռուսաստանի համար, բայց հուսանք, որ Ռուսաստանն ունի համապատասխան հակաքայլեր և ինչ-որ հաշվարկներ դրա անհնարինության կամ շատ կարճատև լինելու առումով…

Ըստ ICIS վերլուծական կենտրոնի տվյալների, 2021թ. դեկտեմբերին Գերմանիայի գազի պաշարների մոտ մեկ երրորդը բաժին է ընկել Ռուսաստանից մատակարարմանը։ Արդեն իսկ պարզ է նաև, որ Ադրբեջանից և այլ պետություններից գազի լրացուցիչ մատակարարումները Եվրոպային չեն կարող համարժեք լինել այն ծավալին, որն այժմ եվրոպական մի շարք երկրներ ստանում են Ռուսաստանից:

Պատկերացնո՞ւմ եք, թե, օրինակ, Գերմանիայում ինչ կլինի, եթե ռուս- ուկրաինական հավանական պատերազմի պատճառով Ուկրաինայի տարածքով գազամատակարարումը դադարեցվի, իսկ Գերմանիան այդ ընթացքում շարունակի հրաժարվել «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումից: Իրենց բնակարաններում սառած, ինչպես նաև գազ օգտագործող գործարանների կանգնելու պատճառով այլևս չաշխատող մարդիկ դուրս կգան փողոց, Ֆրանսիայում «դեղին ժիլետավորների» ընդվզումը կարող է նույնիսկ մանկական չարաճճիություն թվալ այն ամենի համեմատ, ինչ այդ դեպքում կկատարվի Գերմանիայում, երկրի տնտեսությանն ահռելի վնաս կպատճառվի:

Պատրա՞ստ է, արդյոք, Գերմանիան գնալ այդ քայլին, և մի՞ թե «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցումից առաջ Պուտինը չէր կանխատեսել այսօրվա օրը ու չգիտեր ինչ է անում:

 

Արթուր Հովհաննիսյան