Արցախի ԱԺ հանձնաժողովը որոշում է կայացրել

Փետրվարի 3-ին հրավիրվել է Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որին ներկա էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Քննարկվել է ««Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» հարցը: Այն ներկայացրել է  ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ առաջարկվող կարգավորումը վերաբերում է սահմանադրական փոփոխության հրապարակման դրույթին: Այն վերապահվում է Ազգային ժողովի նախագահին:

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանի խոսքով՝ խորհրդարանի փորձագիտական ծառայության եզրակացությամբ փոփոխությունը համապատասխանում է Սահմանադրության պահանջներին:

Նախագիծը քվեարկության  է դրվել. 2 կողմ, մեկ դեմ ձայների հարաբերակցությամբ այն պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ ներկայացվելու է արտահերթ նիստի քննարկմանը: