Թուրքերը Հայաստանում միշտ էլ անշարժ գույք, ընկերություններ են ձեռք բերել․ Վահան Քերոբյան

Հայաստանում թուրքերն անշարժ գույք ունեն։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` անդրադառնալով լուրերին, թե վերջին շրջանում թուրքերը Հայաստանում կապիտալ են ձեռք բերում:

«Միշտ եղել է, օրինակ` անշարժ գույք, ընկերություններ»,–  ասաց Քերոբյանը՝ վստահեցնելով, որ ռազմավարական կարևոր օբյեկտներ այդ ցանկում չկան։

Ավելի կոնկրետ տեղեկատվության համար, թե Թուրքիայի քաղաքացիներն ինչ գույք ունեն Հայաստանում, նախարարը լրագրողներին առաջարկեց դիմել Կադաստրի կոմիտե, պետռեգիստր և Կենտրոնական դեպոզիտարիա։

Վահան Քերոբյանը հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունն այդ առումով Թուրքիայի համար միշտ բաց է եղել, բացի 2021 թվականից, երբ կառավարությունը թուրքական ապրանքների ներմուծման նկատմամբ էմբարգո կիրառեց։

«Եթե գնաք «Փեթակ», այնտեղ ժողովուրդը 10 տարի առաջ էլ բավական գործնական հարաբերություններ է ունեցել իրենց թուրք գործընկերների հետ»,– ասաց Քերոբյանը: