ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Միջազգային Դեմոկրատական միության պատվիրակությանը. կողմերը քննարկել են անդամության հայտը տվյալ կազմակերպությանը և մի շարք այլ հարցեր

Այսօր՝ ս.թ. փետրվարի 2-ին ՀՀԿ կենտրոնակայանում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Միջազգային Դեմոկրատական միության (International Democrat Union, IDU) պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում էին Միջազգային Դեմոկրատական միության գլխավոր քարտուղար Քրիստիան Կատները և Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Միջազգային Դեմոկրատական միության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռեյնոլդ Լապատկան:
Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամության հայտը տվյալ կազմակերպությանը:
Հյուրերի խնդրանքով ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է կուսակցության պատմությունը, կանոնադրությունը, գործունեության սկզբունքները, հատուկ շեշտադրում է արվել կուսակցական բարեփոխումներին, որոնք մեկնարկել են ՀՀԿ վերջին համագումարից հետո:
Այդ համատեքստում ընդգծվել է կուսակցության կողմից երիտասարդների ներգրավմանն ուղղված աշխատանքները:
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, անվտանգային մարտահրավերները: Նախագահը մանրամասնել է ՀՀԿ դիրքորոշումը Արցախի հիմնախնդրի հետ կապված:
ՀՀԿ և Միջազգային Դեմոկրատական միության ներկայացուցիչները, հանդիսանալով պահպանողական գաղափարախոսությամբ առաջնորդվող կառույցների անդամներ, անդրադարձ են կատարել պահպանողական գաղափարախոսության արդի վիճակին, վերջինիս առանձնահատկություններին և դրսևորումներին տարբեր երկրներում:
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Հարավային Կովկասի մասնաճյուղի տնօրեն Թոմաս Շրափելը:
Միջազգային Դեմոկրատական միությունը (IDU) միջազգային քաղաքական պահպանողական կազմակերպություն է, որը իր կառույցի ներքո միավորում է տարբեր երկրների ավելի քան 80 կուսակցություններ: