ԱՄՆ-ի և Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև առճակատումը գնալով խորանալու է

Անցանկալի, տխուր, բայց իրականությունից, ցավոք, ոչ հեռու կանխատեսում

Այս մասին են հուշում առկա զարգացումները: ԱՄՆ-ը և Հյուսիսատլանտյան դաշինքը հրաժարվել են Ռուսաստանի հետ Եվրոպայում անվտանգության վերաբերյալ երկկողմ պայմանագիր ստորագրելուց, ինչպես նաև չեն աջակցում, այսինքն` մերժել են ՆԱՏՕ-ի չընդլայնման պահանջը։ Սա բխում է իսպանական «El Pais» թերթի կողմից հրապարակված անվտանգության երաշխիքների վերաբերյալ Ռուսաստանի առաջարկներին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գաղտնի, ցայսօր պաշտոնապես չհրապարակված պատասխանների ամբողջական տեքստերից։

Հրապարակված փաստաթղթերից բխում է նաև, որ ԱՄՆ-ը և Հյուսիսատլանտյան դաշինքը Մոսկվային առաջարկել են բանակցել զինաթափման համաձայնագրերի և «վստահության ամրապնդման միջոցառումների» շուրջ, սակայն ակնհայտ է, որ դրանցից առնվազն մեկի` վստահության ամրապնդման միջոցառումների շուրջ բանակցելու առաջարկն ընդամենն ամերիկյան կամ արևմտյան սովորական կեղծավորություն է: Եվրոպայում անվտանգության վերաբերյալ ՌԴ-ի հետ երկկողմ պայմանագրի ստորագրումից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հրաժարվելու և ՆԱՏՕ-ի չընդլայնման Ռուսաստանի պահանջը մերժելուց հետո էլ ի՞նչ խոսք կարող է լինել վստահության ամրապնդման միջոցառումների մասին…

ԱՄՆ-ի պատասխանում նշված է նաև, որ «ինչպես նախկինում, անսասանորեն պաշտպանում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը» , որը չի բացառում Ուկրաինայի և Վրաստանի ապագա մուտքը դաշինք։ Ըստ թերթի հրապարակած ԱՄՆ-ի պատասխանի, ամերիկյան կողմը խորհուրդ է տվել այս հարցի շուրջ բոլոր քննարկումներն անցկացնել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում։

Դաշինքն իր պատասխանում նույնպես վերահաստատել է իր հավատարմությունը բաց դռների քաղաքականությանը և ընդգծել, որ բոլոր երկրներն իրավունք ունեն որոշել իրենց ապագան «առանց արտաքին միջամտության»: Ե՛վ Վաշինգտոնը, և՛ ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ են արել թուլացնել Ուկրաինայի հետ լարվածությունը և դուրս բերել ռուսական զորքերը ուկրաինական սահմաններից:

Ընդգծենք, որ և Վաշինգտոնը, և՛ ՆԱՏՕ-ն լկտիաբար անտեսել են, որ լարվածությունը թուլացնելու կոչը նախ պետք է Ուկրաինային ուղղել, որն իր զորքի կեսը` 125 000 զինծառայող (ներկա դրությամբ գուցե արդեն ավելի) կենտրոնացրել է Դոնբասի սահմանների մոտ, Դոնբասի բնակչության դեմ օգտագործում է արգելված զինատեսակներ, ԱԹՍ-ներից արձակված հրթիռներով և այլ կերպ սպանում Դոնբասի զինված պաշտպաններին և անզեն, խաղաղ բնակչությանը:

ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն լկտիաբար անտեսել են նաև, որ Ուկրաինային գրեթե ամեն կերպ աջակցելով ու խրախուսելով, այնտեղ մեկը մյուսի ետևից զենքեր, զինամթերք, ռազմական տեխնիկա ուղարկելով, ՌԴ-ի դեմ ապատեղեկատվության, կեղծիքի շռայլ օգտագործմամբ տեղեկատվական, քարոզչական պատերազմ վարելով, նաև քաղաքական աջակցությամբ, Ուկրաինայից բացի,  նաև իրենք են հանդիսանում լարվածության աղբյուր ու դրա շարունակական սաստկացման պատճառ:

«El Pais»-ի հրապարակումից առաջ ե ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ենթադրել էր, որ փաստաթղթերը շուտով «արտահոսելու են», քանի որ դրանք ցուցադրվել են ուկրաինական կողմին, բացի այդ, ԱՄՆ-ն իր պատասխանների մասին նախապես տեղյակ է պահել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում ասել է, որ տեղյակ չէ, թե գաղտնի փաստաթղթերն ինչպես են հայտնվել իսպանական թերթի մոտ:

«Մենք չգիտենք, և մեր գործը չէ կռահել այստեղ սուրճի մրուրով, ուստի ես այստեղ թողնում եմ առանց մեկնաբանության», – ասել է նա:

Եվս մեկ մեջբերում ճեպազրույցում Պեսկովի խոսքից. «Մենք ոչինչ չենք հրապարակել, և ես չեմ ցանկանում մեկնաբանել դա։ Այդ ձեզ է անհրաժեշտ դիմել «El Pais»-ին կամ իսպանական ղեկավարությանը, չգիտեմ, բայց գոնե ոչ մեզ: Մենք տեսել ենք հրապարակումը»:

Միևնույն ժամանակ Պեսկովը հիշեցրել է, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ընդհանուր հայեցակարգային գնահատական ​​է տվել» Մոսկվայի համար հիմնարար նշանակություն ունեցող հարցերին ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի արձագանքներին: Պետության ղեկավարը, մասնավորապես, ասել է, որ արևմտյան գործընկերներն անտեսել են Ռուսաստանի հիմնական պահանջները, հիմնարար մտահոգությունները։ Դրանք վերաբերվում են, օրինակ, դեպի արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնմանը, մերժվել է նաև դաշինքի ռազմական ենթակառուցվածքը 1997թ. վիճակին վերադարձնելու Ռուսաստանի առաջարկը կամ պահանջը, չնայած նրան, որ ՆԱՏՕ-ն այն ժամանակ Ռուսաստանին խոստացել էր չշարժվել դեպի արևելք։

Այսօր «El Pais»-ի հրապարակած փաստաթղթերը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի նույն մերժողական դիրքորոշումներն են արտահայտել, ուղղակի ծավալային ու բովանդակային առումով ավելին են եղել, քան երեկ ՌԴ նախագահի գնահատականով արտահայտվածը: Դեռ 2021թ. դեկտեմբերի 21-ի մեր հրապարակմամբ կանխատեսել էինք, որ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն մերժելու են Ռուսաստանի առաջարկները (պահանջները):

ԱՄՆ- Ռուսաստան, ՆԱՏՕ- Ռուսաստան առճակատումը կարող է հանգեցնել Բելառուսում, ինչպես նաև Կուբայում, Վենեսուելայում կամ Նիկարագուայում Ռուսաստանի միջուկային հրթիռների հայտնվելուն, համենայն դեպս, Ռուսաստանի ռազմատեխնիկական պատասխանին, ինչը ՌԴ պահանջների մերժման դեպքում խոստացել է Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը: ԱՄՆ-ի «քթի տակ» ՌԴ միջուկային հրթիռների հայտնվելու հարցը հիմա աշխուժորեն քննարկվում է Ռուսաստանի քաղաքական շրջանակներում ու ԶԼՄ-ներում, կարծիքներն իրարամերժ են:

Արթուր Հովհաննիսյան