Մեծ Բրիտանիայի վարչապետը չեղարկել է այցը Ճապոնիա՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով. Լրատվամիջոցներ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը չեղարկել է առաջիկա այցը Ճապոնիա։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Kyodo գործակալությունը։ Գրում է ՏԱՍՍ-ը:

Ճապոնական գործակալության կառավարական աղբյուրների համաձայն՝ Ջոնսոնի այցը Ճապոնիա նախատեսված էր փետրվարի կեսերին, սակայն բրիտանական կողմը Տոկիոյին ծանուցել է այցի չեղարկման մասին, մասնավորապես՝ «Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման պատճառով»։

Առաջիկա այցի մասին պաշտոնապես չի հայտարարվել, սակայն ճապոնական NHK հեռուստաալիքը հունվարի 29-ին հայտնել է, որ Ջոնսոնը փետրվարի կեսերին կայցելի Ճապոնիա և բանակցություններ կվարի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ։ Ենթադրվում էր, որ կողմերը պետք է քննարկեն Չինաստանը, Ուկրաինան, նոր կորոնավիրուսի դեմ պայքարը:

Երկուշաբթի օրը կայացած հերթական մամուլի ասուլիսում Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն, ի պատասխան լրագրողների հարցին, ասել է, որ «այն տեղեկությունը, թե Մեծ Բրիտանիայի վարչապետի այցը Ճապոնիա համաձայնեցվում է, չի համապատասխանում իրականությանը»։