2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում իշխանության գալ. 14

Սկիզբը` այստեղ 

Ռուսաստանում շատ լավ հասկանում են, որ որպես ռուս- ուկրաինական լայնամասշտաբ պատերազմի պայթուցիչ, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի անդամ նրա որոշ դաշնակիցներ նպատակ ունեն օգտագործել Դոնբասի վրա Ուկրաինայի հարձակումը:

Ինչպես արդեն նշել ենք այս հոդվածի նախորդած մասում, ռուս- ուկրաինական լայնամասշտաբ  պատերազմի շատ բարձր հավանականության ու մոտալուտ լինելու մասին մեր կանխատեսումը հիմնված չէ միայն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ նրա որոշ դաշնակիցների կողմից Ուկրաինային զինելու արտակարգ գործողությունների ու նախատեսվող նոր քայլերի վրա, որոնք արձանագրվում են վերջին շրջանում: Տվյալ գործընթացից բացի, նշել ենք նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի (այսօր տեղեկացանք` նաև Ավստրալիայի) կողմից Ուկրաինայում գտնվող իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքների անդամներին, ինչպես նաև աշխատակիցների մի մասին երկրից հեռացնելու մասին:

Պատերազմի բարձր ռիսկի կապակցությամբ ավելի վաղ նշել ենք նաև, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինայում գտնվող իր զինվորականներին իրավիճակի սրման դեպքում Ուկրաինա- Լեհաստան սահմանով, ցամաքային ճանապարհով տարհանելու նպատակով շուրջ մեկ ամիս առաջ արդեն իսկ համապատասխան պլան է մշակել:

Խոսքը Միացյալ Թագավորության այն զինվորականների մասին է, որոնք զբաղված են ուկրաինական բանակի մարտիկների ուսուցմամբ, և որոնց աշխատանքի շարունակումը պատերազմի բռնկման դեպքում իմաստ չի ունենա, քանի որ այդ մարտիկների կռվելու ժամանակն արդեն կգա, սովորելու ժամանակ չի լինի: Մեծ Բրիտանիան այսպիսով կանխատեսել է, որ պատերազմն այնպիսի մասշտաբներ և ուժգնություն կունենա, որ նույնիսկ Կիևից ռազմատրանսպորտային ինքնաթիռով իր զինվորականների տարհանումն անվտանգ չի լինի: Վերը նշվածն էլ, սակայն, դեռ ամենը չէ…

Վիեննայում ռազմական անվտանգության և սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը «Изолента live» յութուբյան ալիքի եթերում երեք օր առաջ, «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, հայտարարել է, որ Մոսկվան չի հանդուրժի Կիևի և Արևմուտքի հարձակումը Դոնբասի վրա:

«Ամեն ինչ հստակ ասվեց ու զգուշացվեց` մենք չենք հանդուրժի, երբ մեր քաղաքացիների վրա հարձակվեն։ Հստակ ասված է, բոլոր լրատվամիջոցներով հստակ ասված է»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ դիվանագետը չէր բացառել Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս-ուկրաինական սահմանին սադրանքները, սակայն նշել էր նաև, որ Մոսկվան անում է հնարավոր ամեն ինչ դրանք կանխելու համար։ Գավրիլովը խոսել է տեղեկատվական, քարոզչական այն արշավի մասին, որը սանձազերծվել է Արևմուտքում` Ռուսաստանին մեղադրելով Ուկրաինայի վրա հարձակվելու մտադրության մեջ, ընդ որում, անտեսելով  ՌԴ նախագահի, արտգործնախարարի, փոխնախարարների և Ռուսաստանի այլ ներկայացուցիչների հայտարարությունները, որ Ռուսաստանը չունի այդ նպատակը, և որ Ռուսաստանին ոչ թե պատերազմ է պետք, այլ դիվանագիտական ​​լուծում:

«Չեմ բացառում, որ կարող են սադրանք իրականացնել, դրա համար կատարվում է տեղեկատվական ծածկույթ»,- ասել է ռուսական պատվիրակության ղեկավարը և հավելել, որ Ռուսաստանը Մինսկի համաձայնագրերի երաշխավորներից մեկն է և «թույլ չի տա, որ իր քաղաքացիները վիրավորվեն, առավել ևս` սպանվեն»։

Ավելին. ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անցած կիրակի զգուշացրել է, որ արևմտյան երկրները մի քանի խոշոր սադրանքներ են նախապատրաստում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում, Մոսկվան չի բացառում, որ դրանք կարող են լինել տեղեկատվական կամ ռազմական։

ՆԱՏՕ-ի կողմից Ուկրաինա զենքի մատակարարումների ավելացումը, այնտեղ արևմտյան հրահանգիչների թվաքանակի ավելացումը, Ռուսաստանի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ավելի շատ զինտեխնիկա տեղակայելը, Ուկրաինայի առնչությամբ Ռուսաստանի դեմ տեղեկատվական, քարոզչական պատերազմը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով` կարող է ուկրաինական իշխանություններին «ռազմական արկածախնդրության» հրահրել։

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից (ԴԺՀ) հետո, 2 օր առաջ Կրեմլն էլ հայտարարեց Դոնբասում Ուկրաինայի ռազմական հարձակման բարձր սպառնալիքի մասին` նշելով, որ Դոնբասում ուկրաինական բանակի կողմից հնարավոր հարձակման նշաններ է տեսնում։ Ուկրաինայի կողմից Դոնբասում զինված հարձակման սպառնալիքն այժմ շատ մեծ է, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ուկրաինայի իշխանությունները շփման գծում, ինքնահռչակ հանրապետությունների հետ սահմանին հսկայական ուժեր և միջոցներ են կենտրոնացնում, այդ կենտրոնացման բնույթը, իսկապես, վկայում է հարձակողական գործողությունների նախապատրաստության մասին, և, իսկապես, նման վտանգ կա հիմա»,- հայտարարել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ Ուկրաինային արևմտյան զենքի մատակարարումը «կրկին ոգեշնչում է Կիևի տաք գլուխներին՝ սկսելու այս գործողությունը», իսկ ռազմական սադրանքի սպառնալիքը մեծանում է։

ԴԺՀ իշխանություններն նույնպես պնդում են, որ ուկրաինական բանակը պատրաստվում է հարձակման։ Ինքնահռչակ հանրապետության ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը հայտնել է, որ տանկային և մոտոհրաձգային բրիգադների, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի մեքենայացված բրիգադների ստորաբաժանումներում ամբողջ անձնակազմի արձակուրդները դադարեցվել են, իսկ բոլոր աստիճանների հրամանատարներին հրամայվել է գնալ ժամանակավոր տեղակայման կետեր։ Շփման գիծ են տեղափոխվում տանկեր և հրետանային բրիգադներ։ Սա էլ, սակայն, դեռ ամենը չէ…

Երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի արտաքին հետախուզությանը կոչ է արել անցնել հարձակման:

«Այսօր մեր պետությունը դիմակայում է ծայրահեղ վտանգավոր սպառնալիքների, մասնավորապես` ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միասնության նկատմամբ սպառնալիքների,-  ասել է Զելենսկին Ուկրաինայի արտաքին հետախուզության օրվան նվիրված հանդիպմանը։- Այս վճռորոշ ժամանակաշրջանում չափազանց կարևոր դեր է խաղում արդյունավետ հետախուզությունը … Մենք սովորել ենք բավարար արդյունավետությամբ զսպել և հակազդել արտաքին ագրեսիային։ Համոզված եմ, որ ժամանակն է անցնել հարձակողական գործողությունների` պաշտպանելու մեր ազգային շահերը»:

«Մեր քաղաքացիները միասնական են մեր տարածքները վերադարձնելու և մեր անկախ պետությանը խաղաղություն մաղթելու հարցում, ուստի ձեզնից շատ բան է կախված» ,- եզրափակել է Ուկրաինայի ղեկավարը` իր այս խոսքով մատնելով, որ Ուկրաինան նպատակ ունի առաջիկայում հարձակվել Դոնբասի վրա, որի սահմանների մոտ դեռ մոտ 2 շաբաթ առաջ կենտրոնացրել էր իր բանակի կեսը` 125 000 զինծառայող, իսկ հիմա գուցե ավելին:

«ԱՄՆ-ը Կիևին մղում է Ռուսաստանի դեմ սադրանքների»,- այսօր ելույթ ունենալով Պետդումայում «կառավարական ժամին», հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան