Բայդենը Զելենսկուն չի ասել, թե Ուկրաինա ներխուժումը գրեթե անխուսափելի է

Վաշինգտոնի վարչակազմը հերքել է լրագրողների այն պնդումները, թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն ասել է, որ Ուկրաինա ներխուժումը գրեթե անխուսափելի է։ Համապատասխան հայտարարությունը Twitter-ում հրապարակել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Էմիլի Հորնը։

Նա մեկնաբանել է CNN-ի լրագրողի հաղորդագրությունը: Վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյային՝ մեջբերել է մի վարկած, ըստ որի՝ «Բայդենը Զելենսկուն ասել է, թե ռուսական ներխուժումն այժմ անկասկած տեղի կունենա, երբ երկիրը սառչի»։ Ամերիկացի առաջնորդը նաև իբր խորհուրդ է տվել Կիևին «պատրաստվել հարվածի»։

«Դա ճիշտ չէ: Նախագահ Բայդենն ասել է, որ հավանականություն կա, որ ռուսական կողմը կարող է ներխուժել Ուկրաինա փետրվարին: Նա դա նախկինում հրապարակավ ասել է, և մենք դրա մասին զգուշացնում ենք ամիսներ շարունակ: Սրանից ավելի կամ այլ բանի մասին հաղորդագրությունները ամբողջովին սուտ են»,- նշել է Հորնը։

Հինգշաբթի օրը տեղի է ունեցել հեռախոսազրույց Բայդենի և Զելենսկու միջև։