Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ

Հայոց բանակի օրվա առթիվ իմ ուղերձը այսօր հնչեցնում եմ հայ զինվորի հաղթական ոգու և հայոց ազգային արժանապատվության խորհրդանիշ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրից:

Վայր, որտեղ ամեն խորհրդանիշ իր նշանակությունն ունի, որտեղ ամփոփված են ինչպես Սարդարապատի ճակատամարտի, այնպես էլ  Արցախյան ազատագրական պայքարի հերոսների աճյուններ, որտեղ թևածող հայոց քաջազունների անմահ հոգիները ուժ, վճռականություն և անսասան հավատ են ներշնչում Հայրենիքի պաշտպանությանը պատրաստ յուրաքանչյուրին: Այստեղ «Սթափեցնող ուժերի» մարմնավորումն է կերտվել՝ որպես զգուշացում թշնամուն, բայց նաև հորդոր մեր ժողովրդին՝ երբևէ զգոնությունը չկորցնելու և սին պատրանքներով ու սուտ խոստումներով կործանման չգնալու: Այստեղ կենաց-մահու պայքարում դարերով կորցրած անկախությունը վերականգնելու, վերարժևորելու, Հայաստանի վերածննդի հաստատումն է և պատգամը՝ վճռական պահին միշտ պատրաստ լինել համախմբված կանգնելու հայ զինվորի կողքին և անհնարին թվացողը կրկին հնարավոր դարձնելու:

Անցած երեք տասնամյակների ընթացքում և´ փառահեղ հաղթանակներ տարած, և՛ վերջին պատերազմում հայրենադավ, վախկոտ ղեկավարների հրամանատարության ներքո ծանր պարտություն տեսած հայոց բանակի հոբելյանի օրը այս հաղթական վայրից կոչ եմ անում անսալ Սարդարապատի խորհրդին և արժանի լինել բոլոր ժամանակներում Հայրենիքի համար նահատակված մեր հերոսների հիշատակին:

Ես հավատում եմ Հայոց պետության զարթոնքին, հայ ժողովրդի խոհեմությանը և անկասելի հաղթական երթին:  Հավատում եմ, քանի որ ես և իմ բազմաթիվ մարտական ընկերները Շուշիի ու Արցախի այլ բնակավայրերի ազատագրմամբ ականջալուր ենք եղել Սարդարապատի խորհրդին և ուժ  առել մեր քաջակորով նախնիների հերոսական սխրանքներից:

Ես հավատում եմ, որ հուշահամալիրի զանգակատան զանգերի ղողանջը դեռ ազդարարելու է նոր հաղթանակի լուրը, և այդ հաղթանակը Հայոց փառապանծ բանակն է կռելու՝ մեր ժողովրդի 30-ամյա զավակը:

Շնորհավոր տոնդ, Հայո՛ց բանակ: