ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դեմարշն ընդդեմ Ռուսաստանի, հիմա էլ նրանք են պահանջներ ներկայացնում

Առճակատումը, ցավոք, գնալով սրվում է

 

Գաղտնիք չէ, որ ՆԱՏՕ-ն, որքան էլ պաշտոնապես կոլեգիալ մարմին է և ներկայանում է իբրև այդպիսին, իրականում Միացյալ Նահանգներն է` այն առումով, որ Հյուսիսատլանտյան դաշինքի քաղաքականության եթե ոչ միակ, ապա հիմնական որոշողը հենց ԱՄՆ-ն է: Այս իրողությունը նկատի ունենալով, կարող ենք ասել, որ այն, ինչ Ռուսաստանի կողմից իր անվտանգության երաշխիքների համար ներկայացված առաջարկների (պահանջների) կապակցությամբ այժմ հայտարարում է ՆԱՏՕ-ն կամ նրա գլխավոր քարտուղարը, միաժամանակ հանդիսանում է ԱՄՆ-ի պատասխան- դիրքորոշումը:

«Ռուսական պահանջներից շատերն անընդունելի կամ անիրատեսական են»,- «Agence France-Press» (AFP) նորությունների գործակալությանը ՆԱՏՕ-ի այս կարծիքն է փոխանցել արևմտյան դիվանագետը:

«Մենք արդեն ստացել ենք մեր հարցերի որոշ պատասխաններ, առայժմ բանավոր, բայց մենք ուզում ենք իմանալ, թե ինչու են մեր առաջարկներն անընդունելի»,- ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

Նկատենք, որ Գրուշկոյի ձևակերպումները համընկնում են AFP-ի աղբյուրի կողմից օգտագործված ձևակերպումների հետ: Ռուսաստանը երեկ արդեն ստացել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի գրավոր պատասխանները:

Ինչպես հայտնի է, Ռուսաստանը ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից դեկտեմբերին պահանջել էր «անհապաղ» տրամադրել դեպի արևելք դաշինքի հետագա չընդլայնման իրավական պարտավորեցնող երաշխիքներ, Եվրոպայից ուժերն ու միջոցները դուրս բերել և վերադառնալ այն վիճակին, որը գոյություն ուներ 1997 թվականին սահմաններին, հրաժարվել Ռուսաստանի սահմանների մերձակայքում հարվածային զենքի, հատկապես միջուկային համակարգերի տեղակայումից, Եվրոպայից հեռացնել ամերիկյան միջուկային զենքը, ՆԱՏՕ-ի կազմ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մտնելու արգելք սահմանել և այլն։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը երեկ ելույթ ունենալով Պետդումայում, ասել է, որ Ռուսաստանը քայլեր կձեռնարկի, եթե ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից «կառուցողական պատասխան» չստանա։

«Եթե ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից կառուցողական պատասխան չլինի, և Արևմուտքը շարունակի իր ագրեսիվ կուրսը, ապա Մոսկվան, ինչպես բազմիցս հայտարարել է նախագահը, կձեռնարկի անհրաժեշտ պատասխան քայլերը»,- հայտարարել է Լավրովը:

Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ իրեն իրավունք է վերապահում պատասխան ռազմատեխնիկական միջոցներ ձեռնարկել իր անվտանգությունն ապահովելու համար, բայց երբեք չի ասել, թե ինչի մասին կարող է խոսքը լինել։ Ժնևում և Բրյուսելում կայացած բանակցություններից հետո «The New York Times»-ը հայտնել է, որ ռուսական պատվիրակության անդամներն ակնարկել են ամերիկյան ափերից ոչ հեռու միջուկային հրթիռների տեղակայման մասին, ինչը թիրախին հասնելու ժամանակը կնվազեցնի հինգ րոպեի։ Ընդգծենք, որ ՌԴ միջուկային հրթիռները կարող են տեղակայվել, օրինակ, Կուբայում, Վենեսուելայում, Նիկարագուայում…

Նկատի ունենալով անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից երեկ ստացված գրավոր պատասխանները, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր, «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, ասել է. «Այս փաստաթղթում հիմնական հարցի վերաբերյալ դրական արձագանք չկա։ Գլխավոր հարցը մեր հստակ դիրքորոշումն է դեպի արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման անթույլատրելիության և հարվածային զենքերի տեղակայման վերաբերյալ, որոնք կարող են սպառնալ Ռուսաստանի Դաշնության տարածքին»:

Ինչպես հայտնել է Լավրովը, ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների վերաբերյալ իր պատասխանում չի հայտարարել դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումը մերժելու մասին: Միաժամանակ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ ԱՄՆ-ը միտումնավոր անտեսում է անվտանգության անբաժանելիության սկզբունքը, երբ մի պետության անվտանգ գոյությանը չի կարելի հասնել մյուս պետության համար սպառնալիք ստեղծելով, նրա անվտանգության հաշվին: Նախարարը հավելել է, որ Մոսկվան մտադիր է հետագայում ևս կենտրոնանալ Հյուսիսատլանտյան դաշինքի ընդլայնման հարցում Վաշինգտոնի խորամանկ դիրքորոշման հստակեցման վրա։

«Եթե 1990-ականների առնչությամբ մեզ բացատրում էին ՆԱՏՕ-ի չընդլայնման վերաբերյալ գրավոր պարտավորությունների բացակայությամբ, այժմ այդ գրավոր պարտավորությունները մեզ մոտ կան,- ասել է Լավրովը:- Դրանք մեկ անգամ չէ, որ հաստատվել են ԵԱՀԿ շրջանակներում, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով»:

Նա նաև անընդունելի է համարել ԱՄՆ-ի դիրքորոշումը, որը ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած պարտավորությունները դիտարկում է բացառապես որպես ճաշացանկ, որտեղից ընտրում են միայն այն, ինչ «համով» է իրենց համար։ Արտգործնախարարը հավելել, որ դա մատնանշել է իր ամերիկացի գործընկեր Էնթոնի Բլինկենին, սակայն նա չի պատասխանել և միայն ուսերն է թոթվել։ Լավրովը հավաստել է, որ Բլինկենին, ինչպես նաև իրենց մյուս գործընկերներին շատ շուտով ուղարկելու են պաշտոնական հարցում` պահանջելով այս կապակցությամբ համապատասխան բացատրություն:

«Դա պաշտոնական հարցում կլինի բոլոր երկրներին, որոնց առաջնորդները ստորագրել են Ստամբուլի և Աստանայի հռչակագրերը,- ասել է ՌԴ արտգործնախարարը:- Հուսով եմ, որ այս դեպքում շատ ժամանակ չի պահանջվի` բացատրելու, թե ինչու է Արևմուտքը հենց այդպիսի դիրքորոշում ընդունում»:

Ընդգծենք, որ ԱՄՆ պատասխանը, ըստ արտգործնախարարի, նախապես համաձայնեցված է Միացյալ Նահանգների բոլոր դաշնակիցների և ուկրաինական կողմի հետ։ Թե Մոսկվան որոշակի ինչպե՞ս կարձագանքի Վաշինգտոնի գործողություններին, Լավրովի խոսքով, կորոշի անձամբ Վլադիմիր Պուտինը։

«Միջգերատեսչական համակարգումից հետո մենք կզեկուցենք նախագահին, և նախագահը կորոշի մեր հետագա քայլերը»,- ընդգծել է նախարարը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն չի հրաժարվի իր «բաց դռների» քաղաքականությունից: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը երեկ նույնպես հայտարարել է, որ Վաշինգտոնը չի հրաժարվի ՆԱՏՕ-ի «բաց դռների» սկզբունքից, ինչը նշանակում է մերժել դեպի արևելք ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումից, Ուկրաինան ու Վրաստանը ՆԱՏՕ-ի կազմ ընդգրկելուց հրաժարվելու Ռուսաստանի պահանջները, որոնք, ի դեպ, ՌԴ հիմնական պահանջների թվում են:

Բլինկենի խոսքից պարզ է դարձել նաև, որ Ռուսաստանին ԱՄՆ գրավոր պատասխաններն ավելի շատ «գաղափարների հավաքածու» են, քան պաշտոնական բանակցային փաստաթուղթ կամ առաջարկ: Այսինքն` դրանք որոշակի պատասխաններ չեն ՌԴ առաջադրած որոշ կարևոր պահանջների վերաբերյալ: Թերևս հենց սա նկատի ունենալով է Լավրովը նշել Վաշինգտոնի խորամանկ դիրքորոշման հստակեցման անհրաժեշտության մասին:

ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը երեկ, Ռուսաստանի պահանջներին գրավոր պատասխանից հետո, հայտարարել է, որ հետագա քայլերի որոշումը մնում է Ռուսաստանին, սակայն ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած սցենարի։ Ավելին. ՆԱՏՕ-ն (այսինքն, նախևառաջ, նրա ետևում կանգնած ԱՄՆ-ը) երեկ հանդես է եկել դեմարշով ընդդեմ Ռուսաստանի: Ի հակադարձումն ՌԴ պահանջների, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն արդեն ինքն է Ռուսաստանին պահանջներ ներկայացրել : Նա Ռուսաստանին կոչ է արել դուրս բերել զորքերը Ուկրաինայից, Վրաստանից և Մոլդովայից:

Ինչպես հայտնի է, Ռուսաստանն Ուկրաինայում, Վրաստանում և Մոլդովայում զորքեր չունի, հետևաբար ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նկատի ունի վեց պետության և չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության կողմից ճանաչված Աբխազիայի Հանրապետությունը, Ռուսաստանի և ևս երեք պետության կողմից ճանաչված Հարավային Օսիան (Ալանիայի Հանրապետությունը), չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետությունը, որտեղ ռուսական խաղաղապահները գտնվում են պատերազմը կանխելու նպատակով ու միջազգային իրավունքի համաձայն, ինչպես նաև Ռուսաստանի մաս հանդիսացող և առնվազն յոթ պետության կողմից ճանաչված Ղրիմի Հանրապետությունը:

Այո, վերոնշյալ կոչ- պահանջն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի դեմարշն է, ավելին` մարտահրավերը Ռուսաստանին: Իզուր չեն այն մտահոգությունները, որ աշխարհը կանգնած է մի նոր Կարիբյան ճգնաժամի առջև: Բանն արդեն հասել է նրան, որ ԱՄՆ Սենատի անդամներից մեկը` իր կյանքն արդեն ապրած մի ծերուկ, վերջերս ասել է, որ չի բացառում սահմանափակ միջուկային բախման հնարավորությունը, միջուկային հարվածների փոխանակումը Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև:

«ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ , ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ռուսական առաջատար լրատվամիջոցներին, այդ թվում՝ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում անդրադառնալով սենատորի վերոնշյալ հայտարարությանը, այն անվանել է պարանոյա, որն ուղղակի նույնիսկ չի ցանկանում մեկնաբանել: Նրա խոսքով` երբ «դա ասում են մարդիկ` իշխանության մեջ գտնվող, իսկ հատկապես Ամերիկայում Սենատը շատ լուրջ կառույց է, դա շատ տխուր է»։

«Ինձ թվում է, որ նույնիսկ խորհրդային տարիներին, ամեն դեպքում այն խորհրդային ժամանակներում, որոնք ես գտա, որոնք ես հիշում եմ, մեր գործընկերներն Ամերիկայից և այլ երկրներից երբեք չեն ասել, որ վատ չէր լինի այնտեղ միջուկային հակամարտություն սանձազերծել», – ասել է Մեդվեդևը:

Նա հավելել է` Կուբայի հրթիռային ճգնաժամը ցույց տվեց, որ այն կարող է լինել մարդկային քաղաքակրթության վերջը։

«Այնուամենայնիվ, նման խոսքեր են հնչում. ինչպե՞ս արձագանքել դրան: Ի՞նչ է սա՝ անմեղսունակությո՞ւն, թե՞, այսպես ասած, ինչ-որ քաղաքական շահարկում։ Ամեն դեպքում, դա շատ վտանգավոր է»,- եզրափակել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը:

 

Արթուր Հովհաննիսյան