Առաջանում է հարց, Հայաստանը որպես պարտվող կողմ, ի՞նչը պետք է զիջի

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Պատերազմները վերջանում են երկու եղանակով՝ անվերապահ կապիտուլյացիայով, եւ վերապահ՝ պայմաններով։

Ադրբեջանա-թուրքական կոալիցիային, որին աջակցում էին Իսրայելը՝ զենքով եւ Բրիտանիան՝ դիվանագիտությամբ, իսկ գուցե նաեւ այլ եղանակներով, Հայաստանը պարտվեց։

Պարտությունը պետք է պայմանագրով ամրապնդի հաղթող կոալիցիայի պահանջները, դա է պատերազմի ու խաղաղության օրենքն, ինչը մենք չարեցինք 1994-ին։

Որն է հաղթող կողմերի պահանջները’ Ադրբեջանին պետք է իր կողմից վերահսկվող կապ Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ, Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում։

Թուրքիային պետք է Ցեղասպանության հարցը միջազգային օրակարգից հանել եւ Հարավային Կովկասում մեծացնել իր լեգիտիմ ներկայությունը, որը պետք է ճանաչեն Ռուսաստանն ու Իրանը։

Այսպիսով.

1․Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչմանը դեմ է Ռուսաստանը, որովհետեւ դա կնշանակի Ռուսաստանի հեռացումը Հարավային Կովկասից։

2․Ադրբեջանի կողմից վերահսկվող դեպի Նախիջեւան մտահոգում է Իրանին’ նաեւ Ռուսաստանին։ Պատճառները պարզ են եւ այս հարցում եւս Հայաստանը միայնակ չէ, կամ ավելի ճիշտ այդ հարցերով Ադրբեջանը Իրանի ու Ռուսաստանի հետ պետք է պայմանավորվի, եթե անկեղծ խոսենք։

Առաջանում է հարց, Հայաստանն որպես պարտվող կողմ, ինչը պետք է զիջի։ Հիմնական թեման մնում է Ցեղասպանությունից հրաժարվել։ Դա է գինը, որը կարող է տալ Հայաստանն, առանց Ռուսաստանի ու Իրանի դիմակայության։ Մնացած հարցերով երկար ու մանրակրկիտ բանակցություններ են սպասվում»։