Ես դատվելուց չեմ վախենում, ինձ միշտ հետաքրքիր է եղել իմ պետության ճակատագիրը․ Աշոտ Մինասյան (տեսանյութ)

Երբ նայում էի, թե ինչ հոդվածներ էին դրված իմ վրա, ծիծաղս գալիս էր. նախ 20 տարի, հետո 11, էդպես փուչիկի պես պայթեցին, պայթեցին: Այս մասին, այսօր՝ հունվարի 26-ին, ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Գորիսի նստավայրում ասաց «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

«Նախ, ինձ համար անակնկալ էին զենքերի տեսակները, նաև զենքերի տարեթվերը: Երբ կարդում ենք զենքերի տարեթվերը՝ 1898 թվականից սկսած զենքեր կան հայտնաբերված, որոնք եկել են Առաջին համաշխարհային պատերազմով, հետո հեղափոխությունով, հետո Երկրորդ համաշխարհային պատերազմով, հետո Չեչնիայի պատերազմով, Արցախի 1-ին, 2-րդ պատերազմներով: Լավ, ես էն թվերի՞ց եմ պատրաստվել տենց բան անել: Իմ կալիբրի մարդը, 3 պատերազմներով անցած, 20 տարի մաքսային ծառայության ղեկավար աշխատած, հրամանատար, տիրապետելով զենքի բոլոր տեսակներին, ուրեմն խելքս չէր կտրում, որ ունենայի Կոռնետ, Ֆագոտ, էդ թվի զենքերը պետք է հավաքեի՞: Իմ կալիբրի մարդը տանում զենքերը լցնում է մի տեղ ու հետո մտածում այդ անտեր վիճակի մասի՞ն: Ես չէի՞ կարող մի դեպուտատի, մի գեներալի, մի գործարարի ասեի՝ զենքերը պահի: Անտեր վիճակում լցնում էի այնտե՞ղ»,-ասաց նա:

«Ես դատվելուց չեմ վախենում, ազնվորեն եմ ասում: 20 տարվա մեղադրանք եք դնում, դուք երաշխիք ունե՞ք, որ սրանից հետո ես դեռ 20 տարի ապրելու եմ: Ես այդ երաշխիքը չունեմ: Չեմ վախենում դատվելուց, ինձ միշտ հետաքրքիր է եղել իմ պետության ճակատագիրը: Մեկ տարի եղել եմ ազատության մեջ, 4 անգամ այցելել եմ Արցախ, ամեն այցելելուց զանգել եմ ԱԱԾ քննիչներին, տեղյակ եմ պահել, որ գնում եմ Արցախ: Եթե մի տեղ ունեմ գնալու, էդ Արցախն է»,-ընդգծեց Աշոտ Մինասյանը:

Նա ընդգծեց, որ գիտի՝ իրեն ինչի համար են բռնել, ապա դիմեց դատավորին. «Այնպես արեք, որ դատարանին վաղը չասեն բանտարան, դատավորին՝ բանտավոր»:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 9-ին, երբ ստորագրվեց 44-օրյա պատերազմը դադարեցնելու եռակողմ հայտարարությունը, դրանից անմիջապես հետո իրավապահները սկսեցին մի շարք ընդդիմադիրների ձերբակալել։ Այդ օրերին ԱԱԾ-ն ձայնագրություն տարածեց այն մասին՝ իբրև ԱԱԾ նախկին տնօրեն, ներկայումս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը և «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը Նիկոլ Փաշինյանի սպանությունն են նախապատրաստում և իշխանությունն են յուրացնում։ 2021 թվականի դեկտեմբեր ամսին այդ քրեական գործը կարճվեց։ Սակայն հրամանատարը մեղադրվում է նաև ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու և պահելու մեջ: Նա մի քանի ամիս է՝ կալանավորված է դեռևս 1 տարի առաջ հարուցված քրեական գործով։

NEWS.am-ի տեսանյութը