Մահացել է բանաստեղծ, խորհրդային նախկին քաղբանտարկյալ Մերուժանը

Երկարատև հիվանդությունից հետո կյանքի 82-րդ տարում մահացել է բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանը, որին հանրության լայն շրջանակը ճանաչում է Մերուժան գրական անվամբ:

Մերուժանը ծնվել է 1940 թվականի հունիսի 13-ին Էջմիածնում: Եղել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի ազատ ունկնդիր, ապա սովորել է Երևանի պետական համալսարանում: Եղել է «Հայ երիտասարդների միություն» (ՀԵՄ) խորհրդի անդամ։ Մերուժանի բնակարանում տեղի են ունեցել «Հայ երիտասարդների միության» մի շարք հավաքներ։ 1963 թվականի ընդլայնված հավաքին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ և ընտրվել է ՀԵՄ 7-հոգիանոց խորհուրդը (նույնպես տեղի է ունեցել Մերուժանի բնակարանում)։ Եղել է կազմակերպության ամենաակտիվ մասնակիցներից մեկը: Ընդհատակյա տպարան հիմնելու համար տպատառեր և տպագրական հաստոցի մասեր հայթայթելու գործը նա է հաջողել, կարողացել է գրամեքենաներ ձեռք բերել։ Եվրոպական հայալեզու մամուլում տպագրելու նպատակով մի շարք ստեղծագործություններ է ուղարկել արտերկիր։

1963 թվականի դեկտեմբերի 29-ին կալանավորվել է, դատապարտվել է 5 տարի ազատազրկման։ Դրսևորած ըմբոստ վարքի պատճառով ավելի է խստացվել նրա ռեժիմը, և քաղկալանավորների համար նախատեսված մորդովական խիստ ռեժիմի կալանավայրերից Մերուժանին տեղափոխել են Վլադիմիրի բանտ:

«Վլադիմիրի բանտում» հուշագրության մեջ Մերուժանը գրել է, թե ովքեր են եղել իր հետ. օպերային անվանի երգիչներից մեկը՝ Ալեքսանդր Միրլասը, ֆիզիկոս Վլադիմիր Կրաուկլիսը, իսկ նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուի հրատարակիչը Վահագն Դավթյանն էր, որը այդ ժամանակ Սփյուռքի հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալն էր:

Ազատ արձակվելուց հետո վերադարձել է Հայաստան: Պահպանել է իր կապերն այլախոհական շրջանակների հետ։ Նա գրել, ապա ինքն էլ բազմացրել է «Հայկական դատի 85 տարին» հոդվածը, որը հետագայում նախաքննության կողմից որակվել է որպես խիստ հակախորհրդային ու դրվել Մերուժանին առաջադրված մեղադրանքների հիմքում։

1968 թվականին մասնակցել է Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) անդամների հրատարակած «Երկունք» թռուցիկի երկրորդ համարի նախապատրաստման աշխատանքներին։ Մասնակցել է նաև այդ թռուցիկի առաջնորդող՝ «Հայաստանն ապագայում» վերնագրով հոդվածի մշակման աշխատանքներին, որը, սակայն, ԱՄԿ-ականների ձերբակալման պատճառով չի հրապարակվել։ Հետագայում դատապարտվել է ևս մեկ անգամ։ Այս դատապարտումը, սակայն, չի առնչվել հասարակական-քաղաքական գործունեությանը: 1982 թվականին կրկին ձերբակալվել է նույն մեղադրանքով, դատապարտվել 14 տարվա ազատազրկման։ 1992 թվականին վաղաժամ ազատվել է կալանքից և արդարացվել:

Հակախորհրդային գործունեության համար Մերուժանը դատապարտվել է ընդհանուր՝ 22 տարվա ազատազրկման, կալանավայրերում անցկացրել է 15 տարի, որի զգալի մասը՝ Վլադիմիրի և Նորիլսկի մահվան գաղութներում՝ անմարդկային պայմաններում։

2000-2003 թվականներին եղել է «Ժամանակ» օրաթերթի խմբագիր, 2003 թվականից՝ «Հարթակ» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր։

Հեղինակ է «Լուսամփոփ», «Ընթացք», «Վերջալույսի խոհեր», «Խոսքեր հրաժեշտից առաջ», «Մորմոքի պսակներ», «Ընտրանի», «Մեներգ», «Վլադիմիրի բանտում» գրքերի ու հուշագրությունների հեղինակ է ։

Մերուժանի գործերը թարգմանվել են ռուսերեն, անգլերեն: