ՆԱՏՕ-ն Ուկրաինա զորք չի ուղարկի․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն զորք չի ուղարկի Ուկրաինա։

«Ուկրաինան մեր մտերիմ գործընկերն է, ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերը, և մենք աջակցություն ենք ցուցաբերում: Մենք օգնում ենք նրանց արդիականացնել իրենց պաշտպանական հաստատությունները: Մենք օգնում ենք նրանց կիբեր ոլորտում, կարողություններ ստեղծելու գործում: ՆԱՏՕ-ի որոշ անդամներ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Կանադա և մյուսներ տրամադրում են նաև մարզիչներ և պաշտպանական զենքեր: Կարևոր է Ուկրաինային օգնել ինքնապաշտպանության հնարավորություններով: Սա իրավունք է, որն ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրությամբ: Բայց ՆԱՏՕ-ն մարտական ​​ստորաբաժանումներ չի ուղարկի Ուկրաինա», – ասել է նա երեքշաբթի օրը CNN-ին տված հարցազրույցում։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Սակայն չպետք է լինի թյուրիմացություն բոլոր դաշնակիցներին պաշտպանելու մեր պատրաստակամության վերաբերյալ, հատկապես դաշինքի արևելյան թևում», – ասել է Ստոլտենբերգը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ն հայտարարել էր, որ պատրաստ է լրացուցիչ ուժեր ուղարկել դաշինքի արևելյան թև՝ Ուկրաինայի շուրջ աճող լարվածության ֆոնին:

Վերջերս արևմտյան երկրներում, ինչպես նաև Ուկրաինայում հայտարարություններ են արվում ուկրաինական տարածք ռուսական հնարավոր ներխուժման մասին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել։ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։ Երեքշաբթի Պեսկովն ընդգծել է, որ Կրեմլը մեծ մտահոգությամբ է հետևում ԱՄՆ-ի գործողություններին՝ ուղղված Ուկրաինայի շուրջ լարվածության սրմանը։