2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում իշխանության գալ. 13

Սկիզբը` այստեղ 

Ոմանց կարող է թվալ, թե ռուս-ուկրաինական մեծամասշտաբ պատերազմի շատ բարձր հավանականության, դրա գրեթե անխուսափելի լինելու վերաբերյալ մեր և այլոց կանխատեսումները չափազանցված են, կողմերն ընդամենը ճակատամարտում են քարոզչական դաշտում, ու թեև ճիշտ է, որ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Թուրքիան հատկապես վերջին շրջանում մեծ թափով զինում են Ուկրաինական բանակը, նրան մատակարարում զենքեր, զինամթերք, ռազմական տեխնիկա, տալիս ռազմական նորանոր առաքումների խոստումներ, բայց ամեն ինչ ավարտվելու է դրանով, պատերազմ չի լինելու:

Ռուս-ուկրաինական մեծամասշտաբ պատերազմի վերաբերյալ կանխատեսումը, սակայն, չի հիմնվում միայն ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ նրա մի շարք դաշնակիցների կողմից վերջին շրջանում Ուկրաինայի զինման գնալով սաստկացող գործընթացի վրա: Հասկանալու համար, թե որքան բարձր է վերոնշյալ պատերազմի հավանականությունը և այն որքան մոտ է, հարկ է նկատի ունենալ նաև մի շարք այլ փաստեր, դրանց թվում նաև հետևյալները…

Դեռ 2021թ. դեկտեմբերի 26-ին բրիտանական «Daily Express»-ը հաղորդել է Ուկրաինայի տարածքից իր զինվորականներին տարհանելու Մեծ Բրիտանիայի պլանների մասին:

Դեկտեմբերի 7-ին CNN-ը հայտնել է, որ Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման մասին լուրերի համապատկերին ամերիկյան իշխանություններն ուսումնասիրում են իրենց քաղաքացիներին Ուկրաինայից տարհանելու հնարավորությունը և ուղիները։ Իսկ վերջերս ամերիկյան նույն հեռուստաալիքը հայտնել էր, որ Կիևում ԱՄՆ դեսպանատունը թույլտվություն է խնդրել Պետքարտուղարությունից, որպեսզի ոչ հիմնական անձնակազմի բոլոր ներկայացուցիչներն ու նրանց ընտանիքները լքեն Ուկրաինայի տարածքը։ Ուկրաինայի կառավարությանը մոտ կանգնած CNN-ի աղբյուրի փոխանցմամբ՝ տարհանումը կարող է սկսվել արդեն հաջորդ շաբաթ, այսինքն` հունվարի 30-ից հետո:

Հունվարի 21-ին «Bloomberg»-ը գրել էր, որ Պետդեպարտամենտը դիտարկում է իր դիվանագետների ընտանիքի անդամներին Ուկրաինայից տարհանելու հնարավորությունը։ Ըստ գործակալության, խոսքը նման անձանց հարկադրյալ տարհանման մասին է։ Բացի վերոնշյալից, դիվանագիտական ​​ներկայացուցչությունների տեխնիկական անձնակազմին առաջարկվելու է կամավոր հիմունքներով վերադառնալ հայրենիք։ Պետդեպարտամենտը ծրագրում է այս մասին հրապարակայնորեն հայտարարել մի քանի օրվա ընթացքում։

Իրականում, սակայն, Ուկրաինայում գտնվող ԱՄՆ դիվանագետների ընտանիքի անդամներին, ինչպես նաև դիվանագիտական ​​ներկայացուցչությունների տեխնիկական անձնակազմին տարհանելու որևէ անհրաժեշտություն, հարկադրող հանգամանք գոյություն չունի, քանի որ Ռուսաստանն Ուկրաինայի վրա հարձակվելու որևէ նպատակ չունի: Այդ նպատակի մասին հայտարարությունները ռուս- ուկրաինական պատերազմը ծրագրած, դրա բռնկումն ապահովող սադրանքն էլ հավանաբար արդեն նախատեսած ԱՄՆ-ի, նրա որոշ դաշնակիցների, ինչպես նաև Ուկրաինայի նախագահի` Արևմուտքի կամակատար, Միացյալ Նահանգների վեցանոց Վլադիմիր Զելենսկու հերյուրանքներն են ընդամենը:

Այնուհանդերձ, նույն Զելենսկին վախենալով ԱՄՆ դիվանագիտական անձնակազմի ընտանիքի անդամների և տեխնիկական անձնակազմի տարհանումից հետո ուկրաինական հասարակության շրջանում հնարավոր խուճապի առաջացումից, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններում հայտարարել է, որ ամերիկացի դիվանագետների ընտանիքների հնարավոր տարհանումը չափազանց մեծ արձագանք» կլինի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին, այսինքն` գոնե այժմ դրա կարիքը չկա; Սա թերևս կարելի է նույնիսկ զավեշտական համարել:

Բլինկենի և Զելենսկու բանակցությունների վերաբերյալ տեղեկատվություն հրապարակած CNN-ը չի հստակեցրել, թե Բլինկենն ինչպես է արձագանքել Զելենսկու վերոնշյալ հայտարարությանը։ Պետքարտուղարության ներկայացուցիչը CNN-ին ԱՄՆ պետքարտուղարի և Ուկրաինայի նախագահի առանձնազրույցը մեկնաբանելուց հրաժարվել է, սակայն միաժամանակ նշել է, որ Պետդեպարտամենտի աշխատակիցների արտասահմանում գտնվելու առնչությամբ որոշումը կկայացվի ԱՄՆ քաղաքացիների անվտանգության չափանիշով։

Երեկ արդեն հայտնի դարձավ, որ Պետդեպարտամենտը Կիևում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների մի մասին` ոչ այնքան կարևոր առաջադրանքներ կատարող աշխատակիցներին,  թույլատրել է կամավոր հիմունքներով հեռանալ Ուկրաինայից: Բացի այդ, Վաշինգտոնից ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, Պետդեպարտամենտը կարգադրել է, որ Կիևում ամերիկյան դեսպանատան բոլոր աշխատակիցների ընտանիքների բոլոր անդամները լքեն երկիրը:

Ուկրաինայում լարվածության աճի դեպքում ԱՄՆ-ն չի կարողանա տարհանել իր քաղաքացիներին երկրից, ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ելնում է նրանից, որ Ռուսաստանը «ցանկացած պահի կարող է ռազմական գործողություններ սկսել»:

Եթե Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ազնիվ լիներ, պետք է ասեր` Ուկրաինան խախտելով Մինսկի համաձայնագրերը, պայմանավորվածությունները, ցանկացած պահի կարող է լայնածավալ պատերազմ սկսել Դոնբասում, ինչը կունենա ամենալուրջ հետևանքները, Ռուսաստանը, որպես Մինսկի համաձայնագրերը ստորագրող կողմ ու դրանց կատարման երաշխավոր, բնականաբար, չի կարող անտարբեր մնալ… Բայց Պետդեպարտամենտի ներկայացուցչից ի՞նչ ազնվություն ակնկալես:

«Մենք հավատարիմ ենք մնում Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը` մատնելով Դոնբասը գրավելու պաշտոնական Կիևի մտադրությունը ու դրա սատարումն ԱՄՆ-ի կողմից: Նա միաժամանակ ընդգծել է, որ ԱՄՆ-ը նույնպես կշարունակի ռազմական օգնություն տրամադրել Կիևին, ընդ որում, էսկալացիայի դեպքում Վաշինգտոնը «պատրաստ կլինի Ուկրաինային տրամադրել լրացուցիչ ռազմական օգնություն՝ ի հավելումն արդեն ուղարկվածի»։

Ավելին. Պետքարտուղարությունը նաև լրացրել է ամերիկացիներին Ռուսաստան մեկնելուց զերծ մնալու առկա հանձնարարականը` նշելով, որ, ըստ Վաշինգտոնի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի սահմանին լարվածություն կա։ Հանձնարարականի նոր ձևակերպման մեջ նշված է. «Մի՛ մեկնեք Ռուսաստան` Ուկրաինայի հետ սահմանային լարվածության, ԱՄՆ քաղաքացիների նկատմամբ հնարավոր ոտնձգությունների, Ռուսաստանում իր քաղաքացիներին օգնելու Միացյալ Նահանգների դեսպանատան սահմանափակ կարողությունների, COVID-19-ի և մուտքի հետ կապված սահմանափակումների պատճառով»։

Պետդեպարտամենտի ավելի վաղ հրապարակած հայտարարության մեջ նշված է. որ այս որոշումներն ընդունվել են «Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների շարունակվող ռիսկի պատճառով, և որ «ԱՄՆ քաղաքացիները պետք է մտածեն (Ռուսաստանից.- Ա.Հ.) հեռանալու մասին` օգտվելով կոմերցիոն թռիչքներից կամ մասնավոր տրանսպորտի այլ ձևերից»։

Ժամանակն է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնպես նմանաբնույթ հայտարարությամբ հանդես գա` խորհուրդ տալով իր քաղաքացիներին չմեկնել ԱՄՆ:

Ի տարբերություն ԱՄՆ-ի, որի Պետդեպարտամենտը կարգադրել է Կիևում ամերիկյան դեսպանատան բոլոր աշխատակիցների ընտանիքների բոլոր անդամներին լքել երկիրը, Մեծ Բրիտանիան, ըստ երկրի ԱԳՆ-ի հանձնարարականի, արդեն սկսել է դուրս բերել Կիևում իր դեսպանատան անձնակազմի մի մասին և նրանց ընտանիքներին՝ երկրում իրավիճակի հնարավոր սրման համապատկերին:

«Դեսպանատան որոշ աշխատակիցներ և նրանց ընտանիքի անդամները դուրս են բերվում Կիևից` ի պատասխան Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, նշված է Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի երեկ հրապարակած խորհրդատվական հաղորդագրությունում։

Ռուսաստանը նույնպես, «The New York Times»-ի (NYT) հրապարակման համաձայն, դուրս է բերում իր դիվանագետներին և նրանց ընտանիքներին Ուկրաինայում հյուպատոսարաններից: NYT-ն հղում է արել Ուկրաինայի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյային, որոնց խոսքով՝ Ռուսաստանը Կիևում և Լվովում իր հյուպատոսություններից արդեն հեռացրել է մոտ 50 մարդու, տարհանմանը պատրաստվում են նաև Ուկրաինայում Ռուսաստանի ևս երկու հյուպատոսությունների դիվանագետները։

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանելով NYT-ի վերոնշյալ հրապարակումը, հայտնել է, որ Կիևում Ռուսաստանի դեսպանատունն աշխատում է սովորական ռեժիմով: Նկատենք, որ դիվանագետների մի մասի հեռանալու դեպքում, դեսպանատան աշխատանքի շարունակումը հնարավոր է: Չնայած իրենց դեսպանատների աշխատակիցների մի մասի հեռացմանը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը նույնպես հայտարարում են, որ իրենց դեսպանատները շարունակում են աշխատել և իրականացնել իրենց հիմնական գործառույթները:

Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ արևմտյան երկրները սպասում են, որ Ռուսաստանը 2022 թվականի սկզբին կհարձակվի Ուկրաինայի վրա։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ԱՄՆ-ն այդ լուրերը տարածել է, որպեսզի Ուկրաինայի հարձակման համար պատրվակ լինի։ Այդ հարձակումը կարող է լինել ինչպես Դոնբասի, այնպես էլ Ղրիմի նկատմամբ: ՌԴ ԱԳՆ-ը նշել է, որ Արևմուտքի հայտարարությունները «ռուսական ագրեսիայի» և Կիևին դրանից պաշտպանվելու հնարավորության մասին և՛ ծիծաղելի են, և՛ վտանգավոր։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ  հայտնել է, որ Ռուսաստանը զորքերը տեղափոխում է իր տարածքում և իր հայեցողությամբ։ Նրա խոսքով` դա ոչ մեկին չի սպառնում և չպետք է անհանգստացնի որևէ մեկին։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան