Բայդենը Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու մտադրություն չունի. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինա ամերիկյան զորքեր ուղարկելու մտադրություն չունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին, ըստ ՏԱՍՍ-ի, վստահեցրել են ամերիկյան վարչակազմից:

Սպիտակ տունը նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգների նախագահը բաց է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ փոխգործակցության համար, բայց նոր շփումների մասին որոշում այս պահի դրությամբ չկա:

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել է, որ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հրամանով 8500 ամերիկացի զինվորական բերվել է տեղակայման բարձր պատրաստվածության՝ անհրաժեշտության դեպքում Արևելյան Եվրոպայում տեղակայելու համար, եթե ՆԱՏՕ-ն ակտիվացնի իր արագ արձագանքման ուժը Ռուսաստանի հետ լարվածության պատճառով:

Ամերիկյան ուժերի տեղակայման վերաբերյալ որոշում չի ընդունվել, սակայն զգոնության բարձր մակարդակը թույլ կտա զինվորականներին արագորեն պաշտպանել ՆԱՏՕ-ի արևելյան թևը, եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա:

Պենտագոնը նախազգուշացրել է, որ Ռուսաստանը «ապաէսկալացման նշաններ չի ցուցաբերել» և շարունակում է զորքեր կուտակել Ուկրաինայի սահմաններին։