Պարույր Սևակ-98․ գրողի բացառիկ լուսանկարների ցուցահանդեսը նրա թանգարանում

Հունվարի 24-ին, Պարույր Սևակի 98-ամյակի  կապակցությամբ, թանգարանում բացվել է Սևակի բացառիկ լուսանկարների ցուցահանդեսը: Այս մասին հայտնում են  Պարույր Սևակի  տուն-թանգարանից։

Պարույր Սևակը (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմությունը տեսնելով` ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները` Պարույր Սևակ ստորագրությամբ։

1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսում է կյանքի հետագա չորս տարիների ընթացքում: 1958թ. Սևակն ավարտում է «Անլռելի զանգակատուն» պոեմը, որը տպագրվում է Երևանում 1959-ին` միանգամից ժողովրդականություն բերելով նրան:  1963թ. տպագրվում է Սևակի «Մարդը ափի մեջ» ժողովածուն:
Պ. Սևակի վերջին` «Եղիցի լույս» ժողովածուն տպագրվում է 1969 թվականին, բայց… հրապարակ հանվում 1971-ին` բանաստեղծի ողբերգական մահից մոտ երկու ամիս անց:

1963-1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։ 1967-ին «Սայաթ-Նովա» թեմայով թեզ է պաշտպանել և ստացել է (1970 թ.) բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:

Պարույր Սևակի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Նրա սցենարներով նկարահանվել են «Մեսրոպ Մաշտոց» (1962թ.), «Սայաթ-Նովա» (1965թ.) փաստագրական կինոնկարները:

Պարույր Սևակը մահացել է 1971 թվականի հունիսի 17-ին` ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։