Պարոն Սուքիասյան, ամբողջ ազգին կոչ անենք ՍԻԼ ջո՞ւր խմեն, որ Թուրքիային նորից մեր գլխին չբերեք (տեսանյութ)

«Այս քառօրյան այսօր կավարտվի, բայց կենսական հարցերի շուրջ մեր քննարկումները հեռու են բավարար լինելուց»,- խորհրդարանում նկատեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը և շեշտեց, որ Հայաստանում այսօր ավելի խորացող անվտանգային ճգնաժամ է, քաղաքացիներն ավելի անպաշտպան են դարձել, իսկ արտագաղթի տեմպերն ավելի են մեծացել:

Նա նկատեց, որ Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դեռևս խաղաղության երաշխիք չէ և պարզաբանեց. «Դրանով Բաքուն ասում է՝ ես ձեր դեմ դեռ պատերազմելու եմ, որովհետև բոլոր նպատակներիս դեռ չեմ հասել»:

«Ստեղծված աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում բոլոր երկրների ղեկավարները գիտեն իրենց անելիքները և գծում են սեփական երկրի կարմիր գծերը,- շեշտեց պատգամավորը,-այս իրավիճակում Հայաստանը սկսել է Թուրքիայի հետ նոր երկխոսության գործընթաց:

Քրիստինե Վարդանյանը դիմեց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին. «Պարո՛ն Սուքիասյան, օրինակ դուք գիտե՞ք, թե ինչ է եղել Ստամբուլում բոլոր այն հարուստների հետ, որոնք չէին ուզում հավատալ, որ Թուրքիան պարզապես չի ուզում ընդունել իրենց գոյությունը, կարծեմ նրանք հիմա գերեզմաններ էլ չունեն: Լավ, ի՞նչ անենք, գուցե ամբողջ ազգին կոչ անենք, որ ՍԻԼ ջո՞ւր խմեն, կամ Երևան տոնավաճառից օգտվեն, միայն թե ձեզ խնդրենք, որ Թուրքիային նորից մեր գլխին չբերեք, դուք գոնե, առնվազն, մեզ դեռ չեք ցեղասպանել»:

Ըստ կին պատգամավորի՝ Հայաստանը և Արցախը հիմա դիմագրավում են մերօրյա ֆաշիզմի դրսևորումներին, իսկ այդ իրավիճակում գործող իշխանության վրա հույս դնել չի կարելի:

Մանրամասները՝ տեսանյութում