ԻԻՀ նախագահը գնահատել է իր մոսկովյան այցը

Մոսկվա կատարած այցի ավարտին, Թեհրանի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռաիսին հույս է հայտնել, որ այցը շրջադարձային կլինի երկու երկրների հարաբերություններում: Գրում է parstoday.com-ը:

Ռաիսին ասել է. «Այցի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք կարևոր են ԻԻՀ   արտաքին քաղաքականության հիմնական նպատակների իրականացման համար, այդ թվում՝ հարևանների, դաշնակիցների ու  աշխարհի հետ առավելագույն փոխգործակցությունը»:

Նախագահը հավելել է. «Անկասկած, Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը կնպաստի երկու ժողովուրդների անվտանգությանն ու բարօրությանը: Իսկ երկկողմ համագործակցության ընդլայնումը կապահովի տարածաշրջանային ու միջազգային անվտանգությունը»:

ԻԻՀ նախագահը նաև նշել է. «Իրանն ու Ռուսաստանը կարող են քայլեր ձեռնարկել՝ դրամավարկային և բանկային հարաբերությունների և  առևտրի ժամանակ դոլարի փոխարեն ազգային արժույթով վճարումներն իրականացնելու ուղղությամբ»:

Անդրադառնալով  տարբեր, այդ թվում՝ տնտեսական և նավթի ու գազի ոլորտներում երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, Ռաիսին նշել է. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ առևտրի ծավալը հասցնել տարեկան 120 միլիարդ դոլարի»:

Նշելով, որ  Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը կարող է օգնել լուծել տարածաշրջանային ճգնաժամերը, միջազգային խնդիրները և նպաստել անվտանգության, կայունության, խաղաղության և արդարության հաստատմանը: Ռաիսին հավելել է. «Այսօր իսլամական Իրանի ներկայությունը տարածաշրջանում որպես անկախ և հզոր երկիր, ուղղված է անվտանգության հաստատմանը: Հարևան երկրները ականատես եղան, որ ամենուր, որտեղ Իրանը ներկա է եղել, ապահովել է անվտանգություն,  ի տարբերություն օտարների, որոնք միայն անվտանգության սպառնալիք են  ստեղծել տարածաշրջանի համար»։