Բաքվին առաջարկները ներկայացրել ենք գրավոր, դեռևս արձագանք չենք ստացել․ ԱԽՔ

«Սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Հայաստանի՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկությունների փաթեթն ընդհանուր առմամբ վերաբերում է սահմանում իրավիճակի ստեղծմանը, որը կարելի է ասել՝ բարենպաստ պայմանների կստեղծի, որպեսզի սկսենք սահմանագծման և սահմանազատման գործընթացներ»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Արմեն Գրիգորյանը մանրամասնեց, որ խոսքը զորքերի՝ հայելային տարբերակով դուրսբերման մասին է։

«Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմանապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզները և նաև այնպիսի քայլերի կատարում, որոնք պայմաններ կստեղծեն, որպեսզի կարողանանք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց անցնել»,- մանրամասնեց Գրիգորյանը։

ԱԽՔ-ն ասաց, թե առաջարկությունները Բաքվին ներկայացրել են գրավոր, և այս պահին դեռևս արձագանք չեն ստացել։

«Մենք, որպես այդպիսին արձագանք գրավոր չենք ստացել։ Մենք այդ առաջարկությունները գրավոր ենք ներկայացրել և ակնկալում ենք նաև գրավոր արձագանք»։