2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում իշխանության գալ. 9

Սկիզբը` այստեղ 

Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան փութաջանորեն զինում են Ուկրաինային, նախապատրաստում ու խրախուսում նրան Դոնբասում, ինչպես նաև Ռուսաստանի դեմ մեծամասշտաբ պատերազմին, սրում առանց այն էլ մեծ լարվածությունը:

Ամերիկյան NBC հեռուստաալիքը մոտ երկու շաբաթ առաջ հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է Ուկրաինայի զինված ուժերին «Stinger» («Սթինգեր») դյուրաշարժ զենիթահրթիռային համալիրներ փոխանցելու հարցը: Ըստ հրապարակման համապատասխան խնդրանքը ԱՄՆ-ը ստացել է Կիևից, որի ՊՆ-ն կարծում է, որ «երկիր- օդ» դասի «Սթինգեր» հրթիռները Ուկրաինայի զինված ուժերին կօգնեն պաշտպանել երկիրը ցածր թռչող ռուսական ուղղաթիռներից և անօդաչու թռչող սարքերից։

Բացի այդ, հեռուստաալիքի տվյալներով, Սպիտակ տունն Ուկրաինային ռազմական օգնության նոր՝ լրացուցիչ փաթեթ է պատրաստել՝ ի հավելումն Կիևին արդեն իսկ տրամադրվածի։

Հիշեցնենք, որ ամերիկյան մեկ այլ հեռուստաալիք՝ CNN-ը, նոյեմբերին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը քննարկում է Ուկրաինա ռազմական խորհրդատուներ և նոր սպառազինություն ուղարկելու հնարավորությունը, քանի որ Ռուսաստանն, ըստ Վաշինգտոնի, իր ուժերն է կուտակում Ուկրաինայի սահմանին. Ի թիվս այլ զենքերի, նշվել էր նաև Ուկրաինա «Սթինգերներ» ուղարկելու մասին։

Կրեմլը դեռ այն ժամանակ մեկնաբանելով Ուկրաինային «Սթինգերներ» մատակարարելու ամերիկացիների պլանները, ընդգծել էր, որ Վաշինգտոնի նմանաբնույթ պլանները հանգեցնում են իրավիճակի հետագա սրման։

Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական ղեկավարությունը հավանաբար լավ է հիշում մոջահեդներին իր մատակարարած «Սթինգերներով» Աֆղանական պատերազմի ընթացքում խորհրդային բանակի ուղղաթիռների արդյունավետ խոցումը, սակայն հատկապես Ուկրաինայի զինված ուժերը պետք է նկատի ունենան, որ ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում նույնը չի կրկնվի ու շատ չոգևորվեն «Սթինգերներ» ստանալու հեռանկարով, քանի որ ռուսական շատ ուղղաթիռներ ո ունեն ռադիոէլեկտրոնային պայքարի այնպիսի հզոր միջոցներ, որոնք թույլ են տալիս շեղել նշված համալիրի հրթիռների ուղղությունը, պաշտպանվել դրանցից, բացի այդ, «Սթինգերով» ռուսական ոչ բոլոր ԱԹՍ-ներն է հնարավոր խոցել: Այնուհանդերձ, ուկրաինական բանակին «Սթինգերներով» զինելը ռուսական ուղղաթիռների և ԱԹՍ-ների մի մասի համար կլինի վտանգավոր:

Հունվարի 1-ին ՏԱՍՍ գործակալությունը հայտնեց, որ Ուկրաինան և Միացյալ Նահանգներն ակտիվորեն քննարկում են ուկրաինական կողմին այն ռազմական օգնությունը փոխանցելու խնդիրը, որը նախկինում նախատեսված էր Աֆղանստանի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Օքսանա Մարկարովան:

Դեսպանն ուկրաինական «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է նաև, որ ավելի վաղ Կիևը և Վաշինգտոնը ստորագրել են 5-ամյա համաձայնագիր, որը կողմերին հնարավորություն է տալիս համագործակցել «ավելի բարձր ռազմավարական մակարդակով»։

Դիվանագետը նաև հայտնել է, որ Ուկրաինան աշխատում է ընդլայնել Ուկրաինային ամերիկյան կողմից տրամադրվող ռազմական օգնության ցանկը։ Այդ ցանկն արդեն ընդլայնվել է: Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել էր 2022 ֆինանսական տարվա երկրի պաշտպանական բյուջեն՝ մոտ 770 մլրդ դոլարի չափով, որով նախատեսվում է Ուկրաինային հատկացնել 300 մլն դոլարի ռազմական օգնություն: Ի հավելումն դրա, Սպիտակ տունը, ինչպես հունվարի 10-ին հայտնել է CNN-ը, որոշում է կայացրել 200 մլն դոլարի լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնել Ուկրաինային:

Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը երեկ լրագրողների համար հատուկ հեռախոսային ճեպազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին Ուկրաինա կուղարկի ռազմական օգնության լրացուցիչ խմբաքանակ: Ինչպես նշվում է նյութում, Միացյալ Նահանգները մտադիր է Ուկրաինային փոխանցել փոքրաչափ զենքեր, զինամթերք, ռադարային հսկողության համակարգեր, նավային սարքավորումներ և այլն: Միանգամայն ենթադրելի է, որ ուղարկվելիք զենքերի թվում կլինեն նաև «Սթինգերները», ինչպես նաև «Джавелин» (FGM-148) դյուրաշարժ հակատանկային հրթիռային համալիրներ:

«Վերջին մեկ տարվա ընթացքում մենք Ուկրաինային անվտանգության ոլորտում ավելի շատ օգնություն ենք ցուցաբերել, քան երբևէ` 2014 թվականից ի վեր,- ասել է նա:- Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ այդ (ռազմական օգնության) մատակարարումները շարունակվում են, և առաջիկա շաբաթներին նախատեսվում են ավելին: Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու դեպքում մենք Ուկրաինային կտրամադրենք լրացուցիչ պաշտպանական հնարավորություններ` ի հավելումն այն ամենի, ինչ մենք արդեն տրամադրում ենք»։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանելով այս տեղեկությունը, ասել է, որ Ուկրաինային զենքի մատակարարումների ավելացումը մեծացնում է լարվածությունը երկրի հարավ-արևելքում (Դոնբասում) գտնվող հակամարտության գոտում։ Ավելին. ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի Ուկրաինային զենք մատակարարելուց, եթե իսկապես հավատարիմ է «ներուկրաինական հակամարտությունը լուծելու դիվանագիտական ​​ջանքերին»:

«Փոխարենը` Վաշինգտոնը պետք է օգտագործի իր ազդեցությունն ուկրաինական իշխանությունների վրա՝ համոզելու նրանց դադարեցնել մինսկյան համաձայնագրերի սաբոտաժը»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ, որով նաև կոչ է արված ԱՄՆ-ին` «դադարեցնել հիստերիան և չսրել լարվածությունը» Դոնբասի շուրջ։

«Եվ ամենակարևորը՝ Կիևի «տաք գլուխներին» մի մղեք նոր սադրանքների»,- գրել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջում։

Հայտարարության մեջ ընդգծված է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա։ Այսպես է պատասխանել ռուսական կողմը Վաշինգտոնի հայտարարություններին «ռուս-ուկրաինական սահմանին դեէսկալացիոն քայլերի բացակայության» և այն մասին, որ Ռուսաստանը կարող է ցանկացած պահի ներխուժել Ուկրաինա, «այդ թվում՝ Բելառուսի տարածքից»։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է հարձակում սկսել Ուկրաինայի վրա։ Նույն օրը Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան ենթադրել է, որ Ռուսաստանը հարձակման համար կօգտագործի «Դաշնակցային վճռականութուն» զորավարժությունների համար Բելառուս ուղարկված զորքերը:

Ի հավելումն Ուկրաինային զինելու ԱՄՆ-ի գործողությունների, Մեծ Բրիտանիան միայն մեկ օրվա ընթացքում մոտ 400 տոննա ռազմական բեռ է ուղարկել Ուկրաինա:

«Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի C-17A Globemaster III ծանր ռազմա-փոխադրական առնվազն հինգ ինքնաթիռներ վերջին օրվա ընթացքում թռիչքներ են կատարել Ուկրաինա,- հունվարի 18-ին գրել է Politik.am -ը Այդ մասին, հետեւում Է արեւմտյան ավիառեսուրսների տվյալներից»:

Ըստ վերոնշյալ հրապարակման, «C-17A Globemaster III» ինքնաթիռներից յուրաքանչյուրը կարող Է տեղափոխել մինչև 77,7 տոննա բեռ:

Նույն տեղեկատվության մեջ նշված է նաև. «Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտարարել է, որ Միացյալ Թագավորությունը հակատանկային սպառազինություն կմատակարարի Ուկրաինային: Բրիտանական ռազմա-փոխադրական ինքնաթիռները Ուկրաինա թռիչքների ժամանակ շրջանցել են Գերմանիայի օդային տարածությունը, որը դեմ Է արտահայտվել Ուկրաինա զենքի մատակարումներին:

Բրիտանական ինքնաթիռների երթուղին անցել Է Դանիայի եւ Լեհաստանի վրայով: Բացի այդ, նախօրյակին ԱՄՆ-ի Հանթսվիլ քաղաքից (Ալաբամայի նահանգ) Լվով Է ժամանել ուկրաինական Ան-24 ծանր փոխադրական ինքնաթիռը: Հանթսվիլ քաղաքի մերձակայքում տեղակայված Է ԱՄՆ-ի բանակի Ռեդսթոունի զինանոցը»:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան