2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում իշխանության գալ. 8

Սկիզբը` այստեղ 

ԱՄՆ-ը, Արևմուտքը, ՆԱՏՕ-ն, ինչպես ավելի վաղ նշել ենք, ռուս-ուկրաինական հնարավոր կամ Արևմուտքում ծրագրված լայնածավալ պատերազմի բռնկման դեպքում անմիջականորեն չեն բախվելու Ռուսաստանի հետ` շատ լավ գիտակցելով, որ չկա ու չի կարող լինել որևէ երաշխիք, որ ԱՄՆ- Ռուսաստան, ԱՄՆ- ՆԱՏՕ պատերազմը սովորական սպառազինությամբ ծավալվելու դեպքում չի վերածվի աշխարհը մոխրացնող, մարդկությանը մի քանի տասնյակ կամ հարյուր անգամ ոչնչացնելու ունակ միջուկային պատերազմի, անկախ նրանից, թե ովքեր, երբ և ինչ փաստաթուղթ են ստորագրել:

Վերոնշյալի առումով թերհավատներին առաջարկում ենք ծանոթանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2020թ. հունիսի 2-ին ստորագրված Ռուսաստանի «Միջուկային զսպման ոլորտում պետական ​​քաղաքականության հիմունքները» փաստաթղթին (Ռուսաստանի նոր միջուկային դոկտրինին), ինչպես նաև ԱՄՆ-ի միջուկային պատերազմի դոկտրինին: Ըստ ՌԴ միջուկային դոկտրինի, Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում միջուկային զենք օգտագործել նաև իր դեմ սովորական զենքով ագրեսիայի դեպքում, երբ պետության գոյությունը սպառնալիքի տակ է հայտնվել: ԱՄՆ-ում, ՆԱՏՕ-ում այս մասին, իհարկե, հրաշալի գիտեն:

 

Շագանակներ կրակից ուրիշի ձեռքերով

Դատելով ամենից, ԱՄՆ-ը, ՆԱՏՕ-ն Ռուսաստանի դեմ պատերազմի հենց այս տարբերակն են ընտրել, այսինքն` պատերազմ այլ պետության կամ պետությունների միջոցով, որում իրենք անմիջական մասնակցություն չեն ունենա, ներգրավված կլինեն անուղղակի ձևով: Տվյալ դեպքում այդ ուրիշ պետությունները Ուկրաինան, կարծում եմ, նաև Թուրքիան և Ադրբեջանն են: Բացառված չէ ռուսատյացության թույնով վաղուց ախտահարված Լեհաստանի մասնակցությունը պատերազմին ԱՄՆ-ի կոշտ պահանջի դեպքում, բայց դրա հավանականությունը շատ փոքր է:

Ընթերցողի մոտ, բնականաբար, կարող է հարց առաջանալ` բայց չէ՞ որ Թուրքիան և Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամներ են, իսկ վերևում նշված է, որ ՆԱՏՕ-ն ՌԴ-ի դեմ պատերազմի դեպքում անմիջական մասնակցություն չի ունենա: Այո, բայց տվյալ դեպքում հակասություն չկա:

ՆԱՏՕ-ի պայմանագիրը դաշինքի անդամ ցանկացած պետության նկատմամբ հարձակումը համարում է հարձակում դաշինքի անդամ բոլոր պետությունների վրա և երաշխավորում է կոլեկտիվ պաշտպանություն, սակայն այդ պաշտպանությունը երաշխավորված չէ դաշինքի անդամ որևէ պետության, եթե վերջինս է եղել հարձակվող կողմը: Տվյալ դեպքում Թուրքիան ՌԴ-ի նկատմամբ նախահարձակ ռազմական գործողությունների կարող է դիմել` շտապելով Արցախում ռուսական խաղաղապահների կողմից իբր հարձակման ենթարկված իր կրտսեր եղբորն օգնության (սադրանքի կազմակերպումը դժվար չէ…):

Անուղղակիորեն մասնակցելով Ուկրաինա- Ռուսաստան, թուրք- ադրբեջանական տանդեմ –Ռուսաստան հնարավոր միաժամանակյա և լայնածավալ պատերազմին, ԱՄՆ-ը, Արևմուտքը, ՆԱՏՕ-ն Ուկրաինային և Թուրքիային կտրամադրեն, ի հավելումն նշված պետությունների ունեցածի ու նրանց կողմից արտադրվողի, ժամանակակից զենքեր, զինամթերք, ռազմական տեխնիկա, հետախուզական (այդ թվում` արբանյակային) տեղեկություններ, ֆինանսներ, դեղորայք, բժշկական սարքավորումներ, սննդամթերք, տնտեսական, քաղաքական աջակցություն, կամավորական, ինչպես նաև իրենց կողմից վարձված մարտիկներ, պատերազմին ոչ պաշտոնապես, չհայտարարված կերպով մասնակցող ռազմական խորհրդատուներ, մասնագետներ (այդ թվում` կիբերպատերազմի, կիբերանվտանգության, ռադիոէլեկտրոնային պայքարի, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության), ինչպես նաև այլ բնույթի օգնություն:

Ի դեպ, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով արդեն իսկ Ուկրաինա են ուղարկել կիբերանվտանգության մասնագետներ, պատերազմի դեպքում նրանց թվաքանակը պարզապես կավելացվի:

 

ԱՄՆ-ը մտադիր է հետախուզական տեղեկություններ փոխանցել Ուկրաինային պատերազմի դեպքում

Այս մասին արդեն հայտնում են նույնիսկ իրենք` ամերիկացիները: Վերջերս «The New York Times»-ը (NYT) հղում կատարելով ամերիկյան վարչակազմի իր աղբյուրներին, տեղեկացրել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պլան է մշակում Միացյալ Նահանգների հետախուզական տեղեկությունները Ուկրաինային փոխանցելու համար, որը կօգնի երկրին դիմակայել Ռուսաստանի կողմից հնարավոր ռազմական ներխուժմանը:

Ըստ թերթի զրուցակիցների, խոսքը, մասնավորապես, պատկերների (արբանյակներից և Ուկրաինայի օդային տարածքում հետախուզական ինքնաթիռներից, ԱԹՍ-ներից կատարված լուսանկարների) մասին է, որոնք ցույց կտան ռուսական զորքերի տեղաշարժն Ուկրաինայի սահմանը հատելու համար։ Եթե նման տեղեկությունը փոխանցվի ճիշտ ժամանակին, դա կարող է օգնել ուկրաինացի զինվորականներին հարձակումը կանխելու հարցում, գրել է NYT-ը։ Այժմ ԱՄՆ հետախուզությունն արդեն իսկ ավելի շատ նյութեր է փոխանցում Կիև, քան մինչ Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական ռազմական թվակազմի ավելացումն էր, NYT-ին ասել է իր աղբյուրներից մեկը։

Այնուամենայնիվ,  Ուկրաինա նման տեղեկատվության փոխանցումը կարող է հանգեցնել նրան, որ Կիևը որոշի առաջինը հարվածել. նշվածի հնարավորությունը, ինչպես հայտնել է NYT-ը, ԱՄՆ պաշտոնյաներն ընդունում են: Թերթի աղբյուրների համաձայն, Ռուսաստանը կարող է ռուս հասարակությանը նման սցենարով բացատրել Ուկրաինայում իր ռազմագործողությունը։  Ուկրաինային հետախուզական տեղեկատվության տրամադրումը կարող է առաջացնել Ռուսաստանի բողոքը, որը Ուկրաինային ԱՄՆ ցանկացած ռազմական օգնություն համարում է սադրանք, հավելել է NYT-ը։

Ռուսաստանի իշխանությունները բազմիցս հերքել են Ուկրաինայի վրա հարձակվելու ծրագրերը, որոնք ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից վերագրվում են ՌԴ-ին: Ինչպես ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2021թ. տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսում, Կիևը վերջերս այնքան հաճախ է խոսում պատերազմի մասին, որ «տպավորություն է ստեղծվում, թե միգուցե նրանք երրորդ ռազմական գործողությունն են նախապատրաստում Դոնբասում»: Իրականում հենց այդպես էլ կա և կասկածից դուրս է, որ Պուտինը քաջատեղյակ է ԱՄՆ-ի, Արևմուտքի և Ուկրաինայի վերոնշյալ ծրագրին:

 

Բրիտանիան պատրաստվում է Ուկրաինայի տարածքից տարհանել իր զինվորականներին

Այն, որ ԱՄՆ-ը և նրա եվրոպական դաշնակիցներն անմիջականորեն չեն մասնակցելու ռուս- ուկրաինական հնարավոր կամ ծրագրված լայնածավալ պատերազմին, վկայում է նաև դեկտեմբերի 26-ին «Daily Express»-ի հրապարակումն իրավիճակի սրման դեպքում Ուկրաինայի տարածքից իր զինվորականներին տարհանելու Մեծ Բրիտանիայի պլանների մասին: Հաղորդվում է, որ Ուկրաինայում գտնվող բրիտանական զորքերի մեծ մասը գտնվում է Լվովի մարզի Յավորիվ քաղաքում, իսկ շտաբի սպաների խումբը գտնվում է Կիևում։ «Daily Express»-ի աղբյուրների համաձայն` նրանք պետք է շարժվեն դեպի Լեհաստանի հետ սահման։

Ընդգծենք, որ խոսքը ոչ թե մոտալուտ հնարավոր պատերազմից առաջ անվտանգության նկատառումներով սեփական քաղաքացիներին, այլ հենց զինվորականներին տարհանելու պլանների մասին է, ինչը նշանակում է բացառել ռուս- ուկրաինական պատերազմին բրիտանական ռազմական ստորաբաժանումների անմիջական մասնակցությունը:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան