Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ ներկայացրեց Ստոկհոլմում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ ոչ պաշտոնական հանդիպումից։ Ազգային ժողովում Կառավարության անդամների հարց ու պատասխանի ժամանակ, պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանի հարցին, թե ինչ հանդիպում է տեղի ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, Միրզոյանն ասաց, որ կարող է բառացի վերարտադրել իր և Չավուշօղլուի հանդիպումը։

«Ստոկհոլմում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ մենք չենք հանդիպել պաշտոնական՝ ինչպես ընդունված է։ Մենք ուղղակի մի սենյակից մյուսը, որտեղ պետք է տեղի ունենար նիստը, այդ միջանցքում կողք կողքի ենք քայլել, եւ մեր խոսակցությունը մոտավորապես այսպես է եղել․ «Բարեւ Ձեզ, բարեւ Ձեզ, ուրախ եմ ծանոթանալ, ուրախ եմ ծանոթանալ, մենք տրամադրված ենք կարգավորմանը, մենք էլ ենք տրամադրված կարգավորմանը, էդ դեպքում նշանակենք ներկայացուցիչ, հենց գնանք տուն, անմիջապես կներկայացնենք ներկայացուցիչ, և կսկսենք գործընթացը»։ Սա պաշտոնական հանդիպում չէր, բայց հանդիպում էր, և ազդակները, կարծես, դրական են։ Որեւէ գաղտնի հանդիպման մասին խոսք չկա»,- ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։