Իրանի նախագահը ելույթ կունենա Պետդումայում

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հունվարի 20-ին ելույթ կունենա Պետդումայի լիագումար նիստում, հայտարարել է պալատի առաջին փոխխոսնակ Ալեքսանդր Ժուկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ռոսիա 1» հեռուստաալիքը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս շաբաթ Մոսկվայում բանակցություններ կվարի իրանցի գործընկեր Իբրահիմ Ռաիսիի հետ։

«Իրանի նախագահը հինգշաբթի ժամը 12-ին ելույթ կունենա Պետդումայում»,- լրագրողներին ասել է Ժուկովը։

Ավելի վաղ Իրանի կառավարության խոսնակ Ալի Բահադորին հայտնել էր, որ Ռաիսին հունվարին կմեկնի Մոսկվա: Այդ կապակցությամբ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռաիսիի Ռուսաստան այցի հնարավորությունը մշակվում է, ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռաիսիի այցը Ռուսաստան շատ կարևոր կլինի, անհրաժեշտ կլինի մանրամասն ուսումնասիրել հարաբերությունները՝ հաշվի առնելով Իրանի ղեկավարության փոփոխությունները՝ ընդգծելով, որ կողմերը պետք է քննարկեն տնտեսական օրակարգ, միջազգային քաղաքականության հարցեր, աշխատանք ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում:

Երկուշաբթի օրը Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն ասել է, որ Ռաիսին Ռուսաստան այցի ընթացքում մանրամասն բանակցություններ կվարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տարբեր հարցերի շուրջ, մասնավորապես, նախատեսվում է քննարկել համագործակցությունը մշակութային, քաղաքական և տեխնոլոգիական ոլորտներում։