Ժիրայր Լիպարիտյանը միգուցե չի տեսնի Արցախի միջազգային ճանաչումը, քանի որ բավական տարիքով է․ Արտակ Բեգլարյան

«Սպիտակ թղթի» բովանդակությունը նրա հեղինակների կարծիքն է, բայց ոչ պաշտոնական դիրքորոշում։ Այս մասին հունվարի 18-ին մամուլի ասուլիսում ասաց Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է մտածում փաստաթղթի մասին և արդյոք նրա բովանդակությունը քննարկվել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման ընթացքում։

«Թղթի» բովանդակությունը հեղինակների կարծիքն է։ Նրանք էլ են դա ասել։ Դա փորձագիտական կարծիք է, որը չի նշանակում, թե այն արտացոլում է պաշտոնական կարծիքը։ Մեզ համար կարևոր է ծանոթ լինել փորձագետների վերլուծությանը։ Բայց ես գիտեմ նաև այլ փորձագետների կարծիքը։ Եվ ինքս էլ, փորձագետ լինելով, վերլուծություններ կատարում եմ։ Իհարկե, նշված փաստաթղթում կան արժեքավոր բաներ, բայց կան նաև եզրահանգումներ, որոնց հետ ես միանշանակ համամիտ չեմ, այդ թվում այն բանի հետ, որ Արցախը հեռանկարներ չունի։ Իմ տեսակետը ես ներկայացրել եմ այդ փաստաթղթի հեղինակների մի մասին։ Անգամ վիճել եմ։ Կարծում եմ՝ Արցախը հեռանկարներ ունի, և դրա երաշխիքը այս հողի վրա ապրելն ու արարելն է։ Եվ հետևողականորեն, պրոֆեսիոնալ կերպով մեր պետականությունը ամրապնդելը։ Դա դժվար և երկար ճանապարհ է, բայց ես վստահ եմ, որ արդյունք կլինի։ Ես Ժիրայր Լիպարիտյանին իմ տեսակետը ամփոփելով ասացի․ «Ցավում եմ, որ Արցախի անկախության միջազգային ճամաչման պահը  միգուցե չտեսնեք», քանի որ բավականին տարիքով է։ Դա մի քանի տարվա հարց չէ, միգուցե տասնամյակների հարց է, որը հնարավոր է հաջողել, եթե մենք ազգովին համառություն, հեռատեսություն և պրոֆեսիոնալիզմ ունենանք։ Ես համոզված եմ, որ այդ պահը գալու է։

Իսկ Լևոն  Տեր-Պետրոսյանի հետ հանդիպմանը այս տիպի հարցեր չենք քննարկել։ Ավելի շատ՝ իր փորձառությունը 90-ականների բանակցությունների մասով և իր տեսակետները տարբեր հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ հումանիտար,- նշեց Բեգլարյանը։- Ինքս Տեր-Պետրոսյանի ր իր գլխավորած գաղափարախոսւթյան հետ սկզբունքային տարաձայնություններ ունեմ»,- ընդգծեց ԱՀ պետնախարարը։