Անցած շաբաթ Արցախում անվտանգային իրավիճակը բավականին լարված էր․ «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ տեղեկությունները։

Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում անվտանգային իրավիճակը բավականին լարված էր։ Նախ՝ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա բնակավայրի հարակից դիրքերից, ադրբեջանցի զինծառայողները անկանոն կրակ են բացել գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով հրդեհվել է մանկապարտեզի հարակից տարածքում կայանված քաղաքացիական անձին պատկանող ավտոմեքենան, այնուհետ թշնամին Շուշիից ինքնաձիգի կրակահերթեր է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը սադրիչ գործողությունների է դիմել նաև Շուշիին հարակից անցնող ճանապարհի հատվածում, որտեղ քարերով խոցել է հայ խաղաղ բնակչի մեքենան։

Փորձագետների կարծիքով՝ Արցախում իրականացվող խաղաղապահ առաքելության տեսանկյունից, ճիշտ կլիներ, որպեսզի ճնշում գործադրվեր ադրբեջանցիների վրա՝ հանվեին այն մարտական դիրքերը, որոնք հայկական բնակավայրերի մերձակա հատվածում են և տարբեր իրավիճակներում կարող են լուրջ խնդիրներ առաջացնել։ Նույն տրամաբանության շրջանակներում, հետպատերազմյան փուլում, ռուս խաղաղապահների միջամտությամբ, տարբեր ուղղություններում դիրքեր հանվել են, և այս դեպքում ևս, ադրբեջանական սադրանքները հաշվի առնելով, Ադրբեջանին ստիպելու և կրակ վարող դիրքերը հանելու հնարավորություն կա։

Թեմայի վերաբերյալ հայտարարություն են տարածել ԱՀ Խորհրդարանի բոլոր հինգ խմբակցությունները ևս։

Շաբաթվա վերջում ԱՀ ԱԱԾ-ից տեղեկատվության տարածվեց այն մասին, որ Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը Բերձոր քաղաքի մոտակայքում մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից գերեվարվել։ Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ վերջինս հետ է վերադարձվել։ 

ՌԴ խաղաղապահների մասին

Արցախում ռուս խաղաղապահ զորախումբը այսուհետ գլխավորելու է գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը: Հրամանատարի փոխարինումը կատարվում է պլանային ռոտացիայի շրջանակում։ Նշենք, որ գեներալ-մայոր Վոլկովը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալն էր 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի մայիսը, երբ խաղաղապահներին ղեկավարում էր գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը: Հիշեցնենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի պաշտոնը նախորդ տարվա սեպտեմբերից զբաղեցնում էր գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինը։

ՌԴ ՊՆ-ից տեղեկացրել են, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի դիտակետերում անվտանգության ապահովման պլանային վարժանք են անցկացրել` կապի ժամանակակից միջոցների 7 զրահամեքենաների կիրառմամբ: Դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքի ընթացքում խաղաղապահները մշակել են Լեռնային Ղարաբաղի Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում սադրիչ գործողություններ թույլ չտալու, պայմանական հարձակումը հետ մղելու և տարբեր արտակարգ իրավիճակների առաջացման խնդիրները։ 

Պաշտոնական լրահոս

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 11-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված 2022 թվականի պետական բյուջեի եկամուտների ձևավորման և ծախսերի կատարման հարցերին։

Հարությունյանը հունվարի 13-ին մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2021 թվականի բանակային ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը:

ԱՀ նախագահը հաստատել է Կառավարության որոշումներ, համաձայն որոնց՝ հունվարի 1-ից բարձրացվել են մի շարք սոցիալական խմբերին տրամադրվող սոցվճարների չափերը: Մասնավորապես՝ սպայական անձնակազմի և պայմանագրային զինծառայողների կենսաթոշակներին ավելացվում է ամսական 25.000 դրամ հավելավճար:

Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացրել են, որ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Արցախի Հանրապետություն է այցելել 4391 օտարերկրյա քաղաքացի: 2020 թվականի նույն ժամանակահատվածի հետ, ցուցանիշն աճել է 45,6 տոկոսով, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ նվազել 89.5 տոկոսով:

ԱՀ քաղաքացիներից ստացված դժգոհությունների հիման վրա, Արցախի նախագահի հունվարի 13-ի հանձնարարականով՝ ԱՀ Նախագահի վերահսկողական ծառայությունում ստեղծվել է աշխատանքային խումբ: ԱՀ Նախագահի վերահսկողական ծառայության պետ Մհեր Աբրահամյանը նշել է, որ աշխատանքային խումբը կոչված է ուսումնասիրելու կապիտալ շինարարության ծրագրով զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանների (բնակելի տների) և նորակառույց շենքերում բնակարանների կահավորման համար Արցախի Հանրապետության տարածքում գույքի ձեռք բերման և Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից տեղահանված քաղաքացիների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ծրագրերը:

ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նամակ է հղել «Գուգլ» ընկերությանը՝ հորդորելով չտրվել ադրբեջանական սադրանքներին, անտեսել Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնազուրկ պահանջները և զերծ մնալ թվային քարտեզներից Արցախի հայկական տեղանունները հեռացնելուց։ Պաշտպանը մասնավորապես նշել է, որ Ադրբեջանի այդ ջանքերը հանդիսանում են Արցախի ժողովրդին հայրենիքից զրկելու, Արցախի հայկական ինքնությունը մերժելու ադրբեջանական երկարամյա քաղաքականության հերթական դրսևորումը։

ԼՂ հակամարտության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Նիկոլ Փաշինյանի միջև հունվարի 12-ին կայացել է հեռախոսազրույց։ Քննարկվել են ԼՂ-ի շուրջ ընթացիկ իրադրությունը, 2020 թ. նոյեմբերի 9-ին ու 2021 թ. նոյեմբերի 26-ին ստորագրված եռակողմ հայտարարություններով նախատեսված պայմանավորվածությունների կատարման ընթացքի մասին հարցեր։ Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներով։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է հունվարի 10-ին Արցախում Ադրբեջանի կողմից մի շարք սադրանքների իրագործմանը, երբ թշնամին կրակ էր բացել Կարմիր Շուկա, Թաղավարդ և Նախիջևանիկ գյուղերի ուղղությամբ: ՌԴ ԱԳՆ խոսնակը նշել է, որ եթե նույնիսկ ինչ-որ մեկը ցանկանում է ստվեր նետել խաղաղապահների վրա, չի ստացվի, քանի որ նրանց աշխատանքը լավ համակարգված է, հստակ, բխում է ճգնաժամի կարգավորման շահերից։