Արմեն Դարբինյանը դիմել է ԱԱԾ տնօրենին

Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը «Ֆեսյբուքի» իր էջում գրել է․ «Պարզաբանում հրաժարականի մասին. Երեկվա հրապարակումից հետո նամակների տարափ է սկսվել ինձ հրաժարականից հետ պահելու խնդրանքով և պայքարելու հորդորով: Սիրելիներս, Շնորհակալ եմ այսպիսի վստահության, սիրո և հարգանքի համար. ես դեռ պիտի շատ աշխատեմ՝ նման վերաբերմունքը արդարացնելու համար: Որոշ պարզաբանում տամ Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի ընտրության և նշանակման ընթացակարգի մասին, որպեսզի ամեն ինչ պարզ դառնա:

Համալսարանը ունի երկու համահավասար հիմնադիր, երկու պետություն, այն իր բնույթով Միջպետական հաստատություն է, որի գործունեությունը կանոնակարգող Միջպետական համաձայնագրում ժամանակին իմ պնդմամբ ամրագրվել է ռեկտորի՝ համալսարանի Ընդհանուր ժողովի կողմից (որը կառավարման բարձրագույն մարմինն է) ընտրության դրույթը: Սակայն հիմնադիրները իրենց ընթացակարգերում ամրագրել են թեկնածուների նախօրոք համաձայնեցման պահանջը (ինչը արդար է. հիմնադիրներ են, իրավունք ունեն նաև համաձայնություն չտալու): Այնուհետև Ընդհանուր Ժողովի կողմից ընտրված թեկնածուն հաստատվում է ռեկտորի պաշտոնում հիմնադիրների համատեղ հրամանով՝ պաշտոնավարման հինգ տարի ժամկետով:

Մեր վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլին, հաջորդ ընտրությունները 2023-ին են: Ռուսաստանյան հիմնադրի ներկայացուցիչը Գիտության և Բարձրագույն կրթության նախարարությունն է: Նախարար Ֆալկովը իր պաշտոնավարության ամբողջ ընթացքում (առավել, քան երկու տարի) զարմանալի անտարբերություն է ցուցաբերել համալսարանի նկատմամբ, բազմաթիվ անգամներ մերժել է իմ առաջարկները՝ հանդիպելու և համալսարանի խնդիրները քննարկելու: Իմ կողմից՝ նրա հանցավոր անգործության և հիմնադրի պարտականությունները չկատարելու կապակցությամբ ներկայումս հաղորդում է պատրաստվում ՌԴ դատախազություն (ահա թե ինչով նրանք պիտի զբաղվեն՝ Հայաստան ֆալսիֆիկացված թղթեր ուղարկելու փոխարեն):

Բնական է, որ նման իրավիճակում ես չեմ պատրաստվում իմ թեկնածությունը առաջադրել ռեկտորի գալիք ընտրություններում:

ԱՍՏՎԱԾ ԱՌԱՋ»:

Ավելի ուշ Արմեն Դարբինյանը երկրորդ գրառումն  https://www.facebook.com/armen.darbinyan.7/posts/4732107333547565  է արել՝ դիմելով ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին:

«Հաշվի առնելով Հայ-Ռուսական համալսարանի և իմ անձի շուրջ ստեղծված իրավիճակը, որը՝ իմ գնահատմամբ, հղի է նաև իմ ֆիզիկական գոյության նկատմամբ հնարավոր ոտնձգություններով, պաշտոնապես պահանջում եմ պետականորեն ապահովել իմ ֆիզիկական անվտանգությունը:

ՀՀ 7-րդ Վարչապետ Արմեն Դարբինյան»:

Ավելի վաղ Արմեն Դարբինյանը գրել էր, թե «ռուսաստանյան որոշ շրջանակներ, ինչպես երևում է, չեն կարող ներել ինձ ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ իմ դրսևորած ազգային արժանապատիվ կեցվածքը։ Ինձ չի ներվել նաև Մարգարիտա Սիմոնյանին ուղղված իմ բաց նամակը, որտեղ ես նրանից հարգանք պահանջեցի հայ ժողովրդի քաղաքական ընտրության նկատմամբ»։

Ի պատասխան՝  ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «առկա է եղել քրեական գործ հարուցելու ինչպես օրինական առիթը, այնպես էլ հիմքերը, հետևաբար հարուցման անհիմն լինելու վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը»։