Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները գտնվում են ծայրահեղ ցածր մակարդակի վրա․ ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունները գտնվում են ծայրահեղ ցածր մակարդակի վրա, գրում է Russia Today-ը։

«ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները գտնվում են կրիտիկական ցածր մակարդակի վրա»,- ասել է Ֆոմինը Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստում։

Նա բացատրել է, որ դա տեղի է ունենում գլոբալ անկայունության, ահաբեկչական սպառնալիքի, սպառազինությունների հերթական մրցավազքի և Եվրոպայում անվտանգության ճարտարապետության ամբողջական դեգրադացիայի ֆոնին։

Նա նաև նշել է, որ ռուսական կողմը բազմիցս առաջարկել է Հյուսիսատլանտյան դաշինքին միջոցներ ձեռնարկել իրավիճակն ապաէսկալացնելու համար, սակայն ՆԱՏՕ-ն անտեսել է այդ նախաձեռնությունները։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Մոսկվայի բոլոր առաջարկները բերվել են Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդին և գտնվում են բանակցությունների սեղանին։

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը Բրյուսելում ավարտված Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի (ՌՆԽ) նիստին հաջորդած մամուլի ասուլիսում ասել է, որ Եվրոպայում անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի մի շարք առանցքային առաջարկներն անընդունելի են Արևմուտքի համար։