2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում է իշխանության գալ. 6

Սկիզբը` այստեղ 

Ռուսաստանի կողմից առաջադրված անվտանգության երաշխիքների և ապահովման շուրջ Ժնևում հունվարի 10-ին կայացած, մոտ 7,5 ժամ տևած և ընդամենը ժամեր առաջ ավարտված ռուս-ամերիկյան բանակցությունները, որոնք ԱՄՆ-ի կողմից ձևակերպված են որպես ռազմավարական կայունության շուրջ բանակցություններ, դատելով ամենից, ցավոք, կարելի է համարել ձախողված:

Մինչև Ժնևում կայացած բանակցությունները, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում քննադատելով ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մոտեցումն անվտանգության երաշխիքների վերաբերյալ հունվարի 10-ից նախատեսված բանակցություններում, ասել էր, որ նրանք այդ հարցում միակողմանի մոտեցում են ցուցաբերում: Մոսկվան ափսոսանքով նշում է, որ ԱՄՆ-ը շարունակում է պնդել Ռուսաստանից միակողմանի զիջումներ, և կառուցողական մոտեցման փոխարեն գերադասում է շահարկումները, ինչը չի կարող հիմք դառնալ անվտանգության երաշխիքների վերաբերյալ արդյունավետ քննարկման համար, ասել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Բարձրաստիճան դիվանագետը հիշեցրել էր, որ բանակցությունների ընթացքում ռուսական կողմը պնդելու է, որ ՆԱՏՕ-ն հրաժարվի դեպի արևելք ընդլայնվելուց և Ռուսաստանի սահմանների մոտ հարվածային զինատեսակներ տեղակայելուց։

«Այս ամենը իրավական ձևով պետք է լինի,- ասել էր Ռյաբկովը։- Ցավոք սրտի, մենք լսում ենք ամենատարբեր շահարկումներ այն մասին, որ Ռուսաստանը պետք է անի սա, պետք է այլ բան անի, գնա այս քայլին, այն քայլին»:

ՌԴ փոխարտգործնախարարի հավաստմամբ, չնայած ճնշումներին ու սպառնալիքներին, որոնք Ռուսաստանի հասցեին անընդհատ ձևակերպվում են առաջիկա շփումների արևմտյան մասնակիցների կողմից, իրենք, իհարկե, ոչ մի զիջման չեն գնալու: Նրա խոսքով` բանակցություններում ցանկացած այլ մարտավարություն չի համապատասխանում պետության անվտանգության շահերին։

Ռուս-ամերիկյան բանակցությունների հիմնական փուլից առաջ, երեկ երեկոյան կայացել են ավելի քան երկժամյա նախնական բանակցություններ: Ժնևյան բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ամերիկյան պատվիրակության ղեկավար, ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ նախնական քննարկումը սկզբունքորեն բարդ էր և գործնական, և հույս հայտնել, որ հունվարի 10-ին ժամանակ չի վատնվի: Ռյաբկովը բանակցությունները բնութագրել է «հիանալի», սակայն նրա խոսքերից պարզ չի եղել, «հիանալի» բառն ասել է լրջորե՞ն, թե հեգնանքով…

Նշենք, որ ռուսական կողմը ներկայացնում էր նաև պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, իսկ ամերիկյան կողմը` Միացյալ շտաբի գործառնությունների տնօրեն Ջեյմս Մինգուսը։  Նախնական բանակցությունների ավարտից և վերոնշյալ տեղեկատվությունից 6-7 ժամ հետո հրապարակվեց Ռյաբկովի երկրորդ մեկնաբանությունը:

«Մեզ հետ երկկողմանի երկխոսությունը նրանց հարմար չէ, քանի որ իրենց թիկունքում զգում են ՆԱՏՕ-ի ամենահակառուսական խմբի աչքերն ու ականջները»,- ասել է Ռյաբկովը «ՌԻԱ Նովոստի»-ին։

ՆԱՏՕ-ն այլևս չի կարողանա Ռուսաստանին «հետ մղել» եվրոպական և միջազգային քաղաքականության մեջ երկրորդական դերի, ժամանակն է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը վերադառնա 1997 թվականի սահմաններին, ասել է Ռյաբկովը: Ավելի վաղ նա զգուշացրել էր, որ եթե Ռուսաստանը չստանա Արևմուտքից անվտանգության երաշխիքներ, կարող է այլ միջոցների դիմել՝ «ընդդիմախոսներին ահ տալու» և սպառնալիքը զսպելու համար։

Ըստ ՌԴ փոխարտգործնախարարի, ՆԱՏՕ-ում ԱՄՆ գործընկերները դրսևորելով ռուսաֆոբական տրամադրություններ, թույլ չեն տալիս ամերիկյան պատվիրակությանը հարմարավետ երկխոսություն վարել Ռուսաստանի հետ:

Իրականում, սակայն, հենց Միացյալ Նահանգներն է այդ ամենի «դիրիժորը», ոչ թե նա է ենթարկվում ՆԱՏՕ-ին կամ Հյուսիսատլանտյան դաշինքի ամենահակառուսական ինչ-որ խմբի, այլ ՆԱՏՕ-ն` ԱՄՆ-ին: Բայց հասկանալի է, որ Ռյաբկովը հիմնական բանակցություններից առաջ ու դրանք չփչացնելու համար չէր կարող այս մասին ասել և ընդամենը դիվանագիտություն է բանեցրել:

Իր հերթին, է ԱՄՆ պետդեպարտամենտը հանդես եկել Ժնևում Ռուսաստանի ներկայացուցիչների հետ նախնական բանակցությունների արդյունքների և իր դիրքորոշման վերաբերյալ հայտարարությամբ: Հանդիպմանը Շերմանը նշել է Միացյալ Նահանգների հավատարմությունը ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և որոշակի դաշինքների մեջ մտնելու պետությունների ազատության սկզբունքներին։

Եթե բացենք փակագծերը, ապա Շերմանի ասածը նշանակում է, որ ԱՄՆ-ը հերթական անգամ դեմ է արտահայտվել, ըստ իրեն, «Ղրիմի անեքսիային», ասել է, որ եթե Ռուսաստանը Դոնբասում հայտնվի, դա չի հանդուրժելու, և մերժել է Ուկրաինան և Վրաստանը ՆԱՏՕ-ին անդամագրելուց հրաժարվելու ՌԴ պահանջը, ինչը Ռուսաստանի համար կարմիր գծերից մեկն է հանդիսանում: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ ընդգծել էր, որ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի արևելք և հարձակողական զինատեսակների տեղակայումը Ուկրաինայի տարածքում և Ռուսաստանին հարակից երկրներում Մոսկվայի համար կարմիր գծեր են։

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալի խոսքով՝ Ռազմավարական կայունության շուրջ երկխոսության համար Ժնևում այսօր կայանալիք արտահերթ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ը կքննարկի երկկողմ համագործակցության որոշ հարցեր, այլ ոչ թե եվրոպական անվտանգության։  Շերմանը, Պետդեպարտամենտի հրապարակած տեղեկատվության համաձայն, Ռյաբկովին ասել է, որ Միացյալ Նահանգները չի քննարկի եվրոպական անվտանգության խնդիրներն առանց Եվրոպայում իր դաշնակիցների և գործընկերների։

Որոշ թեմաների շուրջ քննարկումները «կվերապահվեն հունվարի 12-ին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստին և հունվարի 13-ին Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ երկրների մշտական ​​ներկայացուցիչների ​​խորհրդի նիստին»,- Շերմանի խոսքը վկայակոչելով, նշվել է Պետդեպարտամենտն իր մամուլի հաղորդագրության մեջ:

Վերոնշյալ բոլոր հանդիպումների առանցքում Ռուսաստանի կողմից անվտանգության երաշխիքների պահանջն է, որը, ի թիվս այլ բաների, ենթադրում է ՆԱՏՕ-ի ընդլայնման մերժում և Արևելյան Եվրոպայում մի շարք զինատեսակների տեղակայման սահմանափակումների սահմանում։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բացառել էր դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցում Ռուսաստանի հետ փոխզիջման հնարավորությունը։ Նա բազմիցս նշել է, որ որոշումը կկայացնեն միայն Կիևը և ՆԱՏՕ-ի անդամ երկրները։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի խոսքով՝ Մոսկվայի առաջարկները պարունակում են «ակնհայտ անընդունելի տարրեր»։ Նա «կոշտ պատասխան» է խոստացել Ուկրաինայի դեմ ռուսական ցանկացած ագրեսիայի դեպքում, որն իրականում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հորինվածքն է: Նրանց ուզածն այն է, որ Դոնբաս Ուկրաինայի ներխուժումից ու լայնածավալ պատերազմից առաջ սպառնալիքներով կապեն Ռուսաստանի ձեռքուոտքը և բացառեն իր բազմահազար քաղաքացիներին պաշտպանելու նրա իրավունքը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի արտաքին քաղաքականությունն անվանել էր խաղաղ, սակայն նշել, որ Մոսկվան իրավունք ունի պաշտպանել իր անվտանգությունը։ 2021թ. ամենամյա ամփոփիչ ասուլիսից հետո «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրին տված հարցազրույցում Պուտինը հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախաձեռնությունը մերժվի, Մոսկվան կարող է պատասխանել «ամենատարբեր ձևերով»։

Փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն խորհուրդ էր տվել կամ լրջորեն վերաբերվել ՌԴ առաջարկներին, կամ պատրաստվել «ռազմատեխնիկական այլընտրանքի»։

Հիմնական բանակցությունների ավարտից հետո, քիչ առաջ հրապարակված տեղեկատվության համաձայն, ամերիկյան պատվիրակության ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններում Ռուսաստանին հասկացրել է, որ պատրաստ է քննարկել Եվրոպայում հրթիռների տեղակայման հարցը, սակայն համաձայն չէ ՆԱՏՕ նոր երկրների ընդունման սահմանափակումների հետ։

 

Արթուր Հովհաննիսյան

 

Շարունակելի