2022 թվականը փոթորկոտ տարի է լինելու ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում. Նեռը շտապում իշխանության գալ. 5

Սկիզբը` այստեղ 

Երանի թե սխալվեինք մեր վերոնշյալ կանխատեսման կամ առկա փաստերի, տեղեկությունների վերլուծությունից բխող եզրակացության` 2022 թվականի` Հայաստանում և աշխարհում փոթորկոտ տարի լինելու հարցում, բայց…

Թուրքիան… Ի՞նչ դեր կունենա Թուրքիան արդեն տևական ժամանակ նախապատրաստվող Ուկրաինա- Ռուսաստան լայնամասշտաբ պատերազմի դեպքում: Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ կբացվի՞ այստեղ Թուրքիա- Ադրբեջան տանդեմի կողմից կամ ԱՄՆ-ի կողմից նշված պետությունների միջոցով` պատերազմի թատերաբեմի վերածելով Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի և Նախիջևանի տարածքները… Այս և այլ հարցերի դեռ կանդրադառնանք:

Ամանորյա ուղերձում Ուկրաինայի նախագահ Զելենսկին իր հիմնական նպատակն է ներկայացել Ուկրաինայի արևելքում պատերազմի ավարտը։ Թվում է, թե պետք է գոչել` կեցցե խաղաղությունը, կեցցե Զելենսկին: Սակայն իր այս խոսքից անմիջապես հետո նա մատնանշել է «գլխից սահմանազատման գիծը հանելու» (Ուկրաինայի և Դոնբասի սահմանազատման գիծը) անհրաժեշտությունը, որից հետո, ըստ նրա, Դոնբասի ճակատը կվերանա։ Այլ կերպ ասած, Զելենսկին մտադիր չէ հանդուրժել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների գոյությունը և մտադիր է պատերազմի ավարտին և Դոնբասի ճակատի վերացմանը հասնել պատերազմով:

Բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ Ուկրաինան է պատրաստվում Դոնբասում լայնածավալ պատերազմ սանձազերծել և Արևմուտքի իր խորհրդատուների, հովանավորների, աջակիցների հետ միասին Ռուսաստանին ներքաշել այդ պատերազմի մեջ: Սակայն ուկրաինական DOM հեռուստաալիքը, որն ամեն օր կեղծ լուրեր է տարածում ռուսական մոտալուտ ներխուժման մասին, հունվարի 1-ի երեկոյան ուկրաինացիներին ոչ միայն վախեցրել է նրանով, որ «Պուտինը կհարձակվի», այլև խորհուրդ է տվել պատրաստվել «ռուսական ներխուժմանը», առաջարկել է արդեն սկսել պատրաստվել դրան` գոնե հավաքելով «տագնապի ճամպրուկը» (ջուր, առաջին անհրաժեշտության սննդամթերք, դեղորայք, փաստաթղթեր, համապատասխան հագուստ, դրամական խնայողություններ, թանկարժեք զարդեղեն), որպեսզի տագնապի ազդանշանի դեպքում բնակարանները լքելիս, մարդիկ այդ ճամպրուկները վերցնեն իրենց հետ։

Անցյալ տարվա աշնան կեսերից, եթե ոչ ավելի վաղ, արևմտյան մի շարք լրատվամիջոցներ օգտագործելով կեղծ տեղեկություններ, սկսեցին ապատեղեկատվություն հրապարակել, թե Ռուսաստանը ռազմական ներխուժում է նախապատրաստում Ուկրաինա: Օրինակ, «Associated Press»-ը հղում կատարելով ամերիկյան հետախուզական ծառայությունների տվյալներին, հայտնել է, թե Ռուսաստանը նախատեսում է 2022թ. սկզբին ռազմական գործողություններ սկսել Ուկրաինայում ՝ այնտեղ ուղարկելով 175 000 զինվոր։

Ավելին. ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դեկտեմբերի վերջին ամերիկյան քաղաքացիներին կոչ է արել չմեկնել Ուկրաինա։ Այս ամենը, ինչպես նաև բազմաթիվ այլ տեղեկություններ հուշում են Դոնբասում Ուկրաինայի կողմից իր արևմտյան տերերի խրախուսմամբ, հովանավորությամբ և աջակցությամբ նախապատրաստվող լայնամասշտաբ պատերազմի և այդ պատերազմում Ռուսաստանին ներքաշելու ծրագրի մասին: Իսկ ի՞նչ դեր կունենա այդ պատերազմում Թուրքիան…

Դատելով ամենից, ԱՄՆ-ը Թուրքիայից, իհարկե, ոչ բացահայտ կերպով, պահանջում է այստեղ մի սադրանքի միջոցով Ռուսաստանի դեմ պատերազմ սկսել հենց այն պահին կամ օրը, երբ կբռնկվի Ուկրաինա- Ռուսաստան լայնամասշտաբ պատերազմը:

Թուրքիա- Ռուսաստան պատերազմն ԱՄՆ-ին անհրաժեշտ է, որպեսզի ՌԴ-ն արագորեն չհաղթի Ուկրաինային, նրա և Թուրքիայի (զինված ժամանակակից սպառազինությամբ, թվակազմով ՆԱՏՕ-ում 2-րդ, աշխարհում 5-րդ բանակն ունեցող) պես պետությունների հետ երկու ճակատով պատերազմելու արդյունքում դժվարին կացության մեջ հայտնվի` ֆինանսատնտեսական ծանր վիճակ, բազմահազար զոհեր, այդ ամենի հետևանքով առաջանա ներքին մեծամասշտաբ և անսանձելի բունտ, Պուտինի ու նրա վարչակազմը տապալվեն ՌԴ-ում գտնվող իր 5-րդ շարասյան, բնակչության դժգոհ զանգվածի ու բազմամիլիոն մուսուլմանական համայնքի թեկուզ մի մասի միջոցով, որոնք այդ ժամանակ ոտքի կելնեն:

Էրդողանը, սակայն, ունենալով իր պլանները, մինչև վերջերս դիմադրում էր վերոնշյալ սցենարին: Ընդհանուր առմամբ, նա դեմ չէ Ռուսաստանի դեմ պատերազմելուն, որպեսզի Ադրբեջանի հետ գրավի ոչ միայն Հայաստանը և Արցախի մնացած մասը, այլև Անդրկովկասից հետո Կովկասը, Միջին Ասիան ու հասնի մինչև Չինաստան, այսինքն` իրագործի իր պանթուրքական ու պանիսլամական ծրագիրը: Սակայն Էրդողանը վախենալով Ռուսաստանի կողմից Թուրքիայի ջախջախումից, ցանկանում է այդ պատերազմը սկսել իր համար ճիշտ պահին, եթե տեսնի, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի ռազմական և այլաբնույթ աջակցությունն ունեցող Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում հայտնվել է վատ վիճակում, ինչպես 1943թ. սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի ելքին:

ԱՄՆ-ը, իհարկե, սա հասկանում է, բայց Ուկրաինային ՌԴ-ի դեմ անմիջականորեն պատերազմող միակ երկիրը չթողնելու, Ռուսաստանի դեմ երկու ճակատով պատերազմ կազմակերպելու խնդիրն ունի և մտադիր չէ հանդուրժել Էրդողանի` թեկուզ որոշ, բայց Միացյալ Նահանգների համար կարևոր հարցերում ինքնուրույն քաղաքականություն վարելու ցանկությունը:

Եթե հիշում եք, 2016թ. հուլիսին Էրդողանի նկատմամբ մահափորձ և Թուրքիայում հեղաշրջման փորձ կատարվեց: Մահափորձը ժամանակին բացահայտվեց ու ձախողվեց: Էրդողանը մահափորձից կամ իր ձերբակալությունից ընդամենը կես ժամ առաջ իմացավ այդ մասին ու ճողոպրեց այն հյուրանոցից, որտեղ գտնվում էր, իսկ հեղաշրջման փորձը դաժանորեն ճնշվեց: Ըստ Էրդողանի և Թուրքիայի պաշտոնական տեսակետի, այդ ամենի կազմակերպիչներն էին ԱՄՆ-ում ապաստանած քաղաքական վտարանդի Ֆեթուլլահ Գյուլենը և նրա մարդիկ (կարելի է ենթադրել, որ Գյուլենի ետևում էլ ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն էին կանգնած):

Էրդողանին շարքից հանելն այդ կերպ չհաջողվեց, բայց նրան ենթարկեցնելու կամ, չենթարկվելու դեպքում, շարքից հանելու փորձը վերջերս շարունակվեց այլ դրսևորմամբ. Թուրքիայում սկսվեց թերևս աննախադեպ ֆինանսատնտեսական ճգնաժամ, 2021թ. վերջին, 2014թ. համեմատ, ամերիկյան դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքն ավելի քան տասն անգամ նվազեց, նույնիսկ Ստամբուլում թե Անկարայում հացի համար հերթեր առաջացան:

Անգամ Թուրքիայի պես երկրում, որտեղ երկրի ղեկավարի նկատմամբ հրապարակային քննադատությունը, մեղադրանքները գրեթե բացառված են, Էրդողանին ու նրա թիմակիցներին սկսեցին խստորեն քննադատել ու մեղադրել, պահանջել նրանց հրաժարականը: Այս ամենը Էրդողանին սպառնում է ժողովրդական լայն զանգվածների ոտքի ելնելով, հեղաշրջմամբ, իր և իր իշխանության տապալմամբ: Դրանից խուսափելու միջոցն ԱՄՆ-ի պահանջին ենթարկվելն է, և վերջին տեղեկություններն առնվազն հուշում են, որ Թուրքիան դրան իր համաձայնությունը տվել է:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան