Ղազախ ժողովրդի «հայրը» փախել է Ղազախստանից․ ղազախական ԶԼՄ-ներ

Ղազախստանի նախկին նախագահ,  «ազգի հայր» Նուրսուլթան Նազարբաևը դուստրերի և  ընտանիքի մյուս անդամների հետ լքել է երկիրը։ Այս մասին հաղորդել է  Info24, հղում անելով ղազախական անկախ Orda.kz կայքին, որն իր թելեգրամ-ալիքում գրել է․

«Ուշագրավ է, որ Ղազախստանում քաղաքական ճգնաժամի սկզբից ոչ պաշտոնական իշխանությունները, ոչ պետական հեռուստաալիքներն ու ԶԼՄ-ները չեն հիշատակում Նուրսուլթան Նազարբաևի և նրա ընտանիքի անդամների անունները։ Չի տեղեկացվում նաև այն մասին, թե որտեղ են նրանք և ինչ է պատահել նրանց։ Մենք տեղեկություն ունենք, որ առաջին նախագահն ու նրա դուստրերը  իրենց ընտանիքներով հեռացել են երկրից։ Ղազախստանում մնացել է միայն ավագ եղբայր Բոլատ Նազարբաևը։ Պաշտոնական տեղեկություններում և ելույթներում նաև մայրաքաղաքը Նուր Սուլթան չեն անվանում»,- գրում է նշյալ լրատվամիջոցի խմբագիրը։

Ի դեպ, նախօրեի երեկոյան տեղեկություններ հայտնվեցին, որ ԱՄԷ-ից ղրղզական «Մանաս» օդանավակայան է եկել Նազարբաևի ընտանիքին պատկանող երկու ինքնաթիռ։ Այստեղ նրանք լիցքավորվել են և, հավանաբար, թռել Ղազախստան։ Լուրը չի հերքվել։