Կարո՞ղ է Արմեն Սարգսյանը փրկել Հայաստանը․ The Spectator World

Միջազգային հեղինակավոր The Spectator World պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Հայաստանի վերջին զարգացումների մասին: Հոդվածի հեղինակը՝ հայտնի գրող և լրագրող Կապիլ Կոմիրեդդին, ամիսներ առաջ այցելել էր Հայաստան: Ի թիվս բազմաթիվ հանդիպումների և հարցազրույցների, նա զրուցել էր նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հոդվածում հեղինակը ներկայացրել է Հայաստան այցից իր տպավորությունները, ինչպես նաև օգտագործել է հատվածներ նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցից.

«Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը զայրացած է, քանի որ հազարավոր քաջ և անձնուրաց հայ զինվորներ են սպանվել այդ պատերազմում…

Արմեն Սարգսյանն ինձ միակ հայ քաղաքական գործիչն է թվում, ում զայրույթն ուղեկցվում է ազգային զարթոնքի կառուցողական ծրագրով: Մի շարք քաղաքական գործիչներ անդադար բողոքում են դաշնակիցների կողմից լքված լինելուց կամ արտաքին ուժերի կողմից հարված ստանալուց, մինչդեռ Սարգսյանը կարծես թե ոգեշնչվում է այն ուսմունքից, որ «աշխարհն այնպիսին է, ինչպիսին կա». ազգերը, որոնք չունեն հավակնություններ, ձգտում, որոնք համակերպվում են այդ վիճակին, այս աշխարհում տեղ չունեն:

Սարգսյանը պնդում է, որ «ազգային ընկճվածության» այս դժվարին ժամանակահատվածը կարելի է փոխակերպել «ազգային զարթոնքի» հնարավորության: Սակայն Հայաստանի համար վերականգնվելու ու վերակառուցելու համար նախ և առաջ անհրաժեշտ է հրաժարվել «փրկիչներ» փնտրելու իր պատմական սովորությունից և ստանձնել պատասխանատվություն սեփական ապագայի համար, քանի որ որևէ արտաքին աջակցություն չի կարող վերակենդանացնել մի ժողովրդի, որը հրաժարվում է օգտագործել սեփական ուժեղ կողմերը: «Ադրբեջանը զգալիորեն մեզ գերազանցեց, քանի որ ունի նավթային եկամուտներ,- ասում է նա: – Սակայն ի՞նչ արժեք կունենա նավթը մեկ կամ երկու սերունդ հետո»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ՝ https://bit.ly/3t0v47O