Քանի՞ կին ստացավ ոստիկանների «ապրիլյոթյան նվերը»

Կառավարության շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկում «ՎԵՏՕ» շարժման կին ակտիվիստներին, որոնք որոշել են մտնել կառավարության շենք և թուրքական ֆես դնել կառավարության անդամների գլուխներին։

Ակցիայի մասնակից կանայք իրենց հետ բերել էին ձվեր և կարմիր մեխակներ և նետեցին  դեպի Կառավարության շենք, որից հետո կանայք փորձեցին ներս մտնել Կառավարության շենք:
Ոստիկանության աշխատակիցների և ակցիայի մասնակիցների միջև հրմշտոց սկսվեց, ոստիկանները բռնի ուժ գործադրելով՝ բերման ենթարկեցին մի քանի կանանց, այդ թվում «ՎԵՏՕ» շարժման նախաձեռնող խմբի անդամներ Աննա Հակոբյանին և Հերմինե Գրիգորյանին:

Ակցիայի մասնակիցը հայտարարեց, որ բերման են ենթարկվել նաև պատերազմում զոհված անձանց հարազատներ։
«Ոստիկանության կենտրոնականի բաժնում գտնվողների մեջ է նաև պատերազմում զոհված Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Մարգարիտա Պետրոսյանը։ Ամո՛թ Ոստիկանությանը: Նրանց մեջ է նաև Օմարում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը, որին ամենավատ կերպով բերման ենթարկեցին։ Հիմա բոլորս շարժվում  ենք դեպի Ոստիկանության կենտրոնական բաժին»,-հայտարարեց ակցիայի մասնակիցը։

Լրագրողները մոտեցան ոստիկաններին, որպեսզի հետաքրքրվեն՝ ակցիային մասնակցող  քանի՞ կին է արդեն բերման ենթարկվել, քանի՞սն է արդեն ստացել «ոստիկանների կողմից մատուցվող ապրիլյոթյան նվերը»։

Ի պատասխան՝ ոստիկաններից մեկը նշեց. «Էդ ակցիա չի, անցեք»։

Լրագրողը խնդրեց չխոչընդոտել իր մասնագիտական գործունեությանը, ապա ևս մեկ անգամ հարցրեց. «Քանի՞ կին է արդեն բերման ենթարկվել»։

Ի պատասխան՝ ոստիկանն ասաց. «Հեսա կիմանաք, կասենք՝ կիմանաք»։