Ադրբեջանի հետ որևէ պայմանավորվածություն չի կարող անվտանգ և վստահելի լինել (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է  «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

Բանախոսի խոսքով` Ադրբեջանի հետ որևէ պայմանավորվածություն չի կարող անվտանգ լինել, նույնիսկ այն պարագայում, երբ կա խաղաղապահների գործոնը։ Ինչ վերաբերում է հայաստանյան իշխանություններին, նրանք փորձում են համոզել, որ անվտանգության խնդիրներ չունենք, մանավանդ այս նախընտրական շրջանում իշխանությունը փորձում է ցույց տալ, որ այսօր ոչ միայն ստեղծվել է անվտանգ միջավայր, այլև իրենք են այն գործոնը, որ տարածաշրջանում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում ապահովում են խաղաղություն։

Թուրքիան մեր տարածաշրջանում իր ակտիվ ներգրավվածությունը փորձում է դրսևորել տարբեր տեղերում, դա երևում է Վրաստանում, Ադրբեջանում և, այսօր ելնելով հայաստանյան իրականությունից՝ նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Այսպիսի իշխանությունը ձեռնտու է Թուրքիային։

Խոսելով թուրքասիրության և Ցեղասպանության մոռացության մատնելու այսօրվա իշխանության քարոզի մասին, Տիգրան Աբրահամյանը նշեց, որ այդ քարոզը վերին էշելոնից ուղղորդված թեզեր են, որ պետք է շրջանառվեն այս ողջ պայմանավորվածության իրականացման շրջանում։

«Վաղուց արդեն կարմիր գծերն անցել են, և մի անխուսափելի կետի ենք հասել, որ ոչ զարմանալու բաներ կան, ոչ էլ կարմիր գծերի մասին խոսելու։ Խնդիրն այն է, որ եթե մենք հրաժարվում ենք Ցեղասպանության մասին միջազգային ճանաչման գործընթացից և մեր պահանջներից Թուրքիայի նկատմամբ, մենք ներում ենք մարդասպանին, ինչն անխուսափելիորեն բերելու է նոր հանցանքների»,- հավելեց Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում