Այդ գործողություններն, անկախ տնօրենի կատարած զանցանքից, անբարո քայլ են տնօրենի և նրա՝ պատերազմի ընթացքում անհայտ կորած ամուսնու նկատմամբ

Պարտավոր են ղեկավարվել «իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին» իրավանորմով

 

ԽՍՀՄ տարիներին բազմաթիվ իրավական ակտերի թվում իր ուրույն տեղն ուներ բարոյական օրենսգիրքը («մարալնի» կոդեքս), որտեղ էթիկայի, էսթեթիկայի կանոններից բացի, դրված էին նաև որոշակի խաղի կանոններ մեծահասակների՝ հայրենիքի նկատմամբ բացառիկ դեր կատարած անձանց պահով։

ԽՍՀՄ- ի փլուզումից հետո այն ինչ լավը, որ կարելի էր վերցնել աշխարհից, հայրենի կառավարությունը չտեսավ, ինչը որ անթույլատրելի էր, դարձավ իշխանության գործունեության բաղկացուցիչ մաս։ Եվ, ինչպես անհատի վրա կարված սահմանադրությունը սեփականաշնորհվեց այս իշխանության կողմից, այնպես էլ այս իշխանության պաշտոնյաները, իրավամբ, թքած ունեն բարոյականության վրա։

Օրերս հերթական հաղորդագրությունը տարածվեց, որ Շենգավիթ համայնքի մանկապարտեզներից մեկի տնօրենն ազատված է աշխատանքից առերևույթ կատարած խախտումների համար, ում ամուսինն Արցախյան վերջին պատերազմի անհայտ կորածների ցուցակում է։ Եվ երբ մանկապարտեզի կոլեկտիվը, ծնողները բողոքի իրենց ձայնն են բարձրացրել, ոստիկանական «շքախումբն» անհապաղ մեկնել է մանկապարտեզ՝ հասարակական կարգը պահպանելու։ Ինքս լինելով օրենքի դիկտատուրայի կողմնակից, արձանագրում եմ, որ լիազոր մարմնի գործողություններն, անկախ տնօրենի կատարած զանցանքից, անբարո քայլ են տնօրենի և նրա՝ պատերազմի ընթացքում անհայտ կորած  ամուսնու նկատմամբ։ Եվ եթե այս կառավարությունը որդեգրել է՝ ով մեր հետ չէ, մեր թշնամին է, ինչպես եղել է նախկինում, ապա նախկիններից ինչո՞վ է տարբերվում։

Անկախ նրանից` այս տնօրենը դիմումով է ազատվել, թե հեռացրել են, կարող է դիմել իմ կողմից ղեկավարվող փաստաբանական ընկերությանը, որն անվճար կներկայացնի շահերի պաշտպանությունը մինչև իրավունքի խախտման իսպառ վերացումը։

Գրելով այս հոդվածը, հիշեցի իրական, ուսուցողական մի պատում:

ԱՄՆ-ում դատում են Վիետնամական պատերազմի մասնակցի, ով  կատարել է չարամիտ խուլիգանություն, որի համար ԱՄՆ-ի օրենսդրությամբ նախատեսվում է երկարատև ազատազրկում։ Դատավորը, հաշվի առնելով տվյալ անձի մասնակցությունը պատերազմում, ինչպես նաև վիետնամական սինդրոմը, գործող օրենքից գերակա է համարում իրավունքը, դատապարտում է մեկ օրվա ազատազրկման, և այդ մեկ օրն անցկացնում է դատապարտյալի հետ բանտում, ամբողջ օրը զրուցելով, հոգեբանական, իրավական դասեր տալով։

Իշխանական այրերը կարող են չընդունել հոդվածում տեղ գտած առերևույթ զգացմունքային դրվագները, սակայն պարտավոր են ղեկավարվել «իրավունքը գիտություն է բարու և արդարի մասին» իրավանորմով, իսկ այս դրվագով, ինչպես նաև այլ դրվագներով, կարծում եմ կատարված գործողություններն արդար ու բարի չեն։

Հ.Գ.  Մեր հ/կ իրավապաշտպաններից ձեն-ձուն չկա՞… Լծվել եք նախընտրական խաղերի՞ն, թե պողոսների կարծիքներից եք վախենում, ա՛յ գրանտածիծ պողոսներ։

 

Լևոն Բաղդասարյան

Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն