Վստահեցնում եմ, բուհերի շենքային կառույցներին որևէ վտանգ չի սպառնում. ԿԳՄՍ նախարար

«Մենք մեր երեխաներին թողնելու ենք բուհեր ու լավ բուհեր, դա մեր գերագույն ցանկությունն է»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով Արմավիրի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը,  թե կա գաղափար՝ վաճառքի հանել Երևան քաղաքի բուհերի շենքերը, եթե ոչ ամբողջը, ապա գոնե մի մասը, և ստացված գումարով Երևանից դուրս կառուցել ակադեմիական քաղաք։

«Վստահեցնում եմ, բուհերի շենքային կառույցներին որևէ վտանգ չի սպառնում, անհոգ եղեք, նման որոշում, առավել ևս, չկա: Հիմա կասեք՝ բա ի՞նչ կա, կա գաղափար: Շենքը դրեք մի կողմ, խնդիրը շենքը չի, խնդիրը նոր շենքն է, նոր քաղաքն է, նոր շենքերն են, նոր կոմունիկացիաներն են, նոր կամպուսներն են, խնդիրը ձևի և բովանդակության համապատասխանությունն է: Ձևը արտաքինն է, բովանդակությունը՝ բուհը, բարձրագույն կրթությունը: Մենք չենք կարող «նկուղային» պայմաններում բարձրագույն, ժամանակակից կրթություն ապահովել»,- ասաց Դումանյանը:

Նախարարը նշեց, որ շատ կցանկանար՝ ակադեմիական քաղաքի գաղափարը դառնա իրականություն:

«Ես հերքում եմ Ձեր այն պնդումը, որ կա որոշում ինչ-որ շենք ծախելու՝ անկախ նրանից՝ դա փլատա՞կ է, որի մեջ բուհ է գործում, թե փլատակ չէ, նման որոշում գոյություն չունի, առավելևս, գոյություն չունի և չի ունենալու և չի կարող  ունենալ նման որոշում՝ վաճառել ԵՊՀ շենքը, պնդում եմ, եթե հակառակն ինձ կապացուցեք, ես հենց հիմա կգնամ մեր տուն: ԵՊՀ շենքն արդեն ֆեյսբուքյան ստեղծարարները դարձրել են գիշերային չգիտեմ ինչ, ցերեկային առևտրի սրահ, անհարմար է, անհարգալից վերաբերմունք է մեր պետականությանը, մեր ժողովրդին, մեր սերունդների ստեղծածին»,- ասաց նախարարը: