Վերջին շրջանում բացասական զարգացումների հենքին AstraZeneca-ն փոխել է անվանումը

Անգլո-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերության կողմից արտադրված հակակորոնավիրուսային պատվաստանյութն այսուհետ կոչվելու է Vaxzevria, հայտնում է rg.ru-ն՝  հղում անելով Դեղերի եվրոպական գործակալությանը։

Միևնույն ժամանակ Շվեդիայի բժշկական արտադրանքի գործակալությունը հայտնել է, որ անվան փոփոխությունը չի ենթադրում դեղի բաղադրության կամ հատկությունների փոփոխություն: Կարող են փոխվել պիտակավորումը, փաթեթավորումը և պատվաստանյութի վերաբերյալ տեղեկությունները։

Անվան փոփոխությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ վերջին շաբաթներին AstraZeneca պատվաստանյութի վերաբերյալ բազմաթիվ բացասական արձագանքներ են եղել։ Հայտնի է, որ դեղամիջոցի պատվաստումից հետո զգալի թվով մարդկանց մոտ թրոմբոզ է առաջացել։ Այս մտավախությունների ֆոնին եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են պատվաստանյութի օգտագործումը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք եվրոպական մի շարք երկրներ դադարեցրել են AstraZeneca պատվաստանյութի կիրառումը, իսկ Կանադան արգելել է դրա կիրառումը 55-ից ցածր տարիքային խմբի կանադացիների համար։